Ով կարող է ստանալ Ախալքալաքի մունիցիպալիտետում բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ ներկայացնել, ինչպես նաև 7 տարվա ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետում քանի հոգի է ստացել բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ, քանիսին են մերժել եւ ինչ պատճառով:
Վրաստանի օրենսդրության համաձայն ֆիզիկական անձին տրվում է բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ, եթե նա համապատասխանում է հետևյալ չափանիշներին.
1. Վրաստանի քաղաքացի է
2. Գրանցված է բարձրալեռ կարգավիճակ ունեցող բնակավայրում
3. Տարվա մեջ բարձրալեռ շրջանի տարածքում ապրում է առնվազն 9 ամիս
Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես և այլ բարձրալեռ մունիցիպալիտետներում, բարձրալեռ բնակչի կարգավիճակը շնորհում է քաղաքապետը։ Կարգավիճակ ստանալու համար հարկավոր է դիմել և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում Ախալքալաքի քաղաքապետի անունով.
2. Անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3. Տեղեկանք Քաղաքացիական ռեեստրից, որ տվյալ անձը գրանցված է Ախալքալաքի մունիցիպալիտետում.
4. Մունիցիպալիտետում տարեկան 9 և ավելի ամիսներ մշտական բնակության փաստը հավաստող փաստաթուղթ: Որպես նման փաստաթուղթ կարող է ներկայացվել. ա) տեղեկանք աշխատավայրից, բ) բարձրալեռ շրջանում տնային տնտեսության կառավարումը կամ անշարժ գույքի սեփականությունը հաստատող լուսանկար կամ փաստաթուղթ, գ) նույն բարձրալեռ բնակավայրում բնակվող երկու վկաների ցուցմունք, դ) փաստաթուղթ, որը հաստատում է բարձրալեռ շրջանի կոմունալ ծառայությունների կամ այլ ծառայությունների արժեքի վճարումը (անդորրագիր), ե) կամ բարձրալեռ բնակավայրում ֆիզիկական անձի մշտական բնակությունը հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ.
5. Եթե դիմորդը այլ անձ է, ապա վերջինս պետք է լիազորագիր ունենա այն անձից, ում անունից դիմում է։
Քաղաքապետարանում ստեղծված է հանձնաժողով, որը կքննարկի բնակիչներին կարգավիճակ շնորհելու հարցը, փաստաթղթերը ստուգելուց հետո հանձնաժողովը առաջարկությունով դիմում է քաղաքապետին, որն էլ վերջնական որոշում է կայացնում՝ տալ դիմողին կարգավիճակ, թե մերժել։
Թոշակառուները, ուսուցիչները, ուսանողները և նրանց ծնողները, բյուջետային կազմակերպությունների աշխատակիցները և անապահով ընտանիքները ավտոմատ կերպով ստացել են բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ավելի քան 30 հազար մարդ ավտոմատ կերպով ստացել է բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ։
2016 թվականից մինչև 2023 թվականի հունվարի 24-ը Ախալքալաքի մունիցիպալիտետում բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակ է շնորհվել 12 951 մարդու։ 2022 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում մշտապես բնակվող 565 մարդ ստացել է այս կարգավիճակը։
2022 թվականին բարձրալեռ շրջանի կարգավիճակ շնորհելու առումով մերժում չի տրվել։
2022 թվականին բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակը ժամանակավորապես կասեցվել է 107 անձի դեպքում։ Կասեցման հիմնական պատճառը կրթության նպատակով այլ շրջաններ տեղափոխվելն է։ Ընդհանուր առմամբ, բարձրալեռ շրջանի բնակչի կարգավիճակը կասեցվել է 1870 քաղաքացու դեպքում՝ այլ շրջաններ, երկրներ տեղափոխվելու և քաղաքացիությունը կորցնելու պատճառով։