Համաձայն Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և CRRC-Georgia-ի կողմից այսօր հրապարակված ուսումնասիրության, բնակչությունը դեռ թերահավատ է տրամադրված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նկատմամբ:

Նույն հետազոտության ընթացքում բնակչության կեսից պակասը (42%) արդյունավետ է գնահատել պատվաստումների կառավարության ծրագիրը, և միայն 35%-ն է նշել, որ հնարավորության դեպքում կպատվաստվեր, 53%-ը նշել է, որ չէր պատվաստվի, իսկ 12%-ը՝ չգիտի:

Հետազոտության համաձայն, կանայք և 55 տարեկանից ցածր քաղաքացիները պատվաստումների հարցում ավելի հոռետես են, քան մյուսները: Ըստ ուսումնասիրության, նրանք, ովքեր ասում են, որ չեն պատվաստվի, նշում են անվստահությունը պատվաստանյութի որակի նկատմամբ (48%) և այն համոզմունքը, որ նրանք կարող են հաղթահարել համաճարակն առանց պատվաստումների (20%):

Քաղաքացիները Covid-19-ի մասին տեղեկատվությունը ստանում են հիմնականում հեռուստատեսությամբ (60%) կամ առցանց (35%), մինչդեռ տեղեկատվության հուսալիության առումով առանձնացնում են բուժաշխատողներին (74%) և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (68%):

Հարցումն անցկացվել է փետրվարի 17-24-ը՝ Վրաստանի ողջ տարածքում, երկրի չափահաս բնակչության շրջանում (բացառությամբ օկուպացված տարածքների), 2024 հեռախոսային հարցազրույցների ներկայացուցչական ընտրության հիման վրա: Հարցման սխալի միջին սահմանը +/- 1,4 տոկոս է: Հարցվողները ընտրվել են պատահական հեռախոսահամարներին զանգահարելով: NDI-ի հետազոտությունները ֆինանսավորվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ և իրականացվում են CRRC Georgia-ի կողմից: