Ապրիլի 1-ից հին համարանիշ ունեցող ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն, եթե այդ համարանիշերով, առանց գրանցման մեքենա վարեն։ Այդ վարորդները կտուգանվեն 250 լարիով, իսկ մեքենանները կտեղափոխվեն տուգանային հրապարակ։
Ավտոմեքենաների հին համարանիշերը փոխելու վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 31-ն է։
Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից JNEWS-ին հայտնեցին, որ եթե մեքենայի պետհամարանիշերը հին են, ապա այդ մեքենայով տեղաշարժվելն արգելվում է: Հին պետհամարանիշերը հնարավոր է փոխել ցանկացած պահի։ Վարորդը կարող է առանց մեքենայի, միայն համարանիշը տանել սպասարկման կենտրոն և այն փոխարինել նորով։ Կարող է նաև հեռախոսային ծրագրի միջոցով, առցանց փոխել ավտոմեքենայի համարանիշը, այնուհետև սպասարկման կենտրոնից վերցնել այն։
Եթե մինչև ապրիլի 1-ը, հին պետհամանիշերը չփոխարինվեն նորերով, ապա պարեկային ոստիկանության աշխատկիցները կտուգանեն վարորդներին։
Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից սկսել է թողարկել եվրոպական չափանիշներին համապատասխան՝ նոր դիզայնի պետհամարանիշներ, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ավտոպետհամարանիշի վերին ձախ անկյունում պատկերված է Վրաստանի ազգային դրոշը, ներքևի ձախ անկյունում՝ երկրի նույնականացման կոդը (GE): Համարանիշը պաշտպանելու համար նոր պետհամարանիշների վրա կիրառվում է հակակեղծիքային հոլոգրամ՝ պետական զինանշանի պատկերով, այն գտնվում է աջ կողմում: Եվրոպական չափանիշներին համապատասխան, օգտագործվում են նաև պաշտպանական այլ մեխանիզմներ: Փոխվել է նաև թվերի և լատինական սիմվոլների կարգը՝ կենտրոնում երեք թվանշան է, իսկ երկուական տառերը տեղակայված են թվերից ձախ և աջ: