«Մենք հաշվի ենք առնում մեր կողմնակիցների խնդրանքը և ապրիլի 29-ին Վրաստանի խորհրդարանի առջև կանցկացնենք համազգային հավաք»,- ասվում է «Վրացական երազանք» կուսակցության հայտարարության մեջ։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Սակայն արդեն պարզ է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի արմատական ընդդիմությանը հաջողվեց մոլորեցնել մեր համաքաղաքացիների միայն մի փոքր մասին։

Իր գագաթնակետին քաղաքական ընդդիմության կազմակերպած հանրահավաքների մասնակիցների թիվը կազմում էր 9500 մարդ։ Ակնհայտ է, որ Կեզերաշվիլիի, Խազարաձեի և հարուստ ՀԿ-ների անբարեխիղճ դոնորների կողմից արմատական ընդդիմության ուժեղացմանն ուղղված բազմամիլիոնանոց ներդրումներն իրենց չեն արդարացրել։ Վրացական հասարակությունն արդեն քաղաքականապես այնքան հասուն է, որ ոչ մի գումար չի կարող մոլորեցնել նրան։

Ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների՝ այսօր «Վրացական երազանքի» վարկանիշը գերազանցում է 60%-ը, մինչդեռ միակ ընդդիմադիր կուսակցությունը, որին հաջողվում է հաղթահարել ընտրական շեմը, ունի ընդամենը 12% վարկանիշ։ Այս ֆոնին մեզ հետ ժողովրդի անունից են խոսում քաղաքականապես սնանկացած արմատական ընդդիմությունը, հարուստ ՀԿ-ները և այսպես կոչված նախագահը, ինչը իրավամբ նյարդայնացնում է մեր կողմնակիցներին՝ Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը։

Մենք հաշվի ենք առնում մեր համախոհների խնդրանքը և հաջորդ երկուշաբթի՝ ապրիլի 29-ին, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կանցկացնենք համազգային հավաք։

Հորդորում ենք ձեզ՝ հայրենասիրորեն տրամադրված համաքաղաքացիներին ամբողջ երկրից, «ոչ» ասել «սև փողերով» Վրաստանում հեղափոխությանը, ուղղափառ եկեղեցու վրա հարձակումներին, կրոնական բովանդակության քաղաքական միջամտությանը, ԼԳԲՏ քարոզչությանը, թմրանյութերի քարոզչությանը, պետական ինստիտուտների վարկաբեկմանը, ռադիկալիզմին և այսպես կոչված բևեռացման ֆինանսավորմանը։

Մենք թույլ չենք տա, որ քաղաքականապես և բարոյապես սնանկացած քաղաքական փոքրամասնությունը շահարկի և խոսի ժողովրդի անունից։ Մենք բոլորին ցույց կտանք, թե որտեղ է կանգնած վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ովքեր գնահատում են ճշմարտությունն ու իսկական եվրոպական արժեքները, գնահատում են մեր ավանդական ազգային արժեքները՝ հայրենիքը, լեզուն և հավատքը։

Եկե՛ք միասին «ո՛չ» ասենք սև փողերին և ասենք «այո՛» թափանցիկությանը, ճշմարիտ եվրոպական ճանապարհին, անկախ և ինքնիշխան Վրաստանին: