Հազարավոր մարդիկ երկրի տարբեր մարզերից ուղղվում են դեպի Թբիլիսի՝ մասնակցելու «Վրացական երազանքի» լայնամասշտաբ հանրահավաքին: Իշխող կուսակցությունը որոշել է հավաքել իր կողմնակիցներին և ակտիվիստներին՝ Եվրոպայի խորհրդում երկրի նախագահությունը տոնելու պատրվակով:
Վրաստանը պաշտոնապես Եվրոպայի խորհրդի նախագահի կարգավիճակը ստանձնել էր նոյեմբերի 27-ին: Գրեթե մեկ ամիս անց իշխող կուսակցությունը նշում է այս իրադարձությունը համերգ-հանրահավաքով` «Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա» կարգախոսով:
Միջոցառումը Թբիլիսիի Ազատության հրապարակում սկսվել է ժամը 16:00-ին: Հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների պատճառով դեռևս դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկությունը սահմանափակվել էր, փոխվել էր հասարակական տրանսպորտի սխեման:
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ տոնական միջոցառման նախաձեռնությունը պատկանում է կուսակցության երիտասարդական թևին:
Ըստ նրա, միջոցառումն ուղղված է բոլոր այն մարդկանց, «որոնց համար Վրաստանի եվրոպական ապագան արժեքավոր և կարևոր է»: Դրանից ելնելով, «Վրացական երազանքը» բոլոր մարզերից իր կողմնակիցներին հրավիրել էր հանրահավաքի և նրանց տրամադրել տրանսպորտային միջոցներ:
Հեղինակավոր հասարակական կազմակերպությունները կարծում են, որ իշխող կուսակցությունը միջոցառման նպատակների առումով մոլորության մեջ է գցում քաղաքացիներին: Միևնույն ժամանակ, հասարակական կազմակերպությունները և Վրաստանի հանրային պաշտպանը հայտարարում են, որ շրջանների որոշ պետաշխատողների ստիպել են մասնակցել հանրահավաքին՝ սպառնալով աշխատանքից հեռացնել:
Հանրապետության տարբեր քաղաքներում հանրահավաքի համար նախատեսված հավաքները սկսվել են լուսաբացից: Հանրային հեռուստատեսության տեղեկատվության համաձայն, միայն Քութայիսից գրանցված մասնակիցների թիվը կազմել է գրեթե 4 հազար մարդ:
Զուգդիդիi մունիցիպալիտետի Սակրեբուլոյի (քաղխորհուրդ) նախագահ Մամուկա Ծոծորիան լրագրողներին հայտնել է, որ իրենք հանրահավաքի են տանում մոտ վեց հազար մարդու:
Ծոծորիան հերքում է հասարակական կազմակերպությունների հայտարարությունները` պետաշխատողներին միջոցառմանը մասնակցելը ստիպելու մասին: Ըստ նրա, նախաձեռնող խումբը փոխադրման միջոց տրամադրել է միայն շահագրգիռ կողմերին:
Փոթիի «Վրացական երազանքի» կողմնակիցները լրագրողներին ասացին, որ նրանք «կենսական նշանակության» են համարում երիտասարդության մասնակցությունը երկրի եվրոպական ինտեգրմանը:
«Վրացական երազանքը» սկսել է մոբիլիզացնել իր կողմնակիցներին` ի պատասխան ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների ցույցերի, որոնք պահանջում են համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ: Քութայիսում և Զուգդիդիում «Վրացական երազանք»-ի ակտիվիստների ցույցերն ավարտվում էին ծեծկռտուքներով նախկին իշխող ուժի` «Միասնական ազգային շարժման» շտաբերի մոտ:
Դեկտեմբերի 2-ին իշխող կուսակցությունը Թբիլիսիում հակացույց էր կազմակերպել՝ Եվրոպայի խորհրդի Վրաստանի նախագահությունը նշելու պատրվակով: Այդ ժամանակ` «Վրացական երազանք»-ի կենտրոնական շտաբի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Սիրցխվիլիա» (Ամոթ է) երիտասարդական շարժման ներկայացուցիչների և իշխող կուսակցության ակտիվիստների միջև: