Վրաց Ուղղափառ Եկեղեցին ողջունել է այն հանգամանքը, որ Վրաստանում պատվաստումը կամավոր է, սակայն դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ չի պատրաստվում ստանձնել քարոզչության պատասխանատվությունը: Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին հայտարարել է, որ կաջակցի պատվաստմանը, բայց միայն այն դեպքում, եթե ստանա այս գործընթացում կարևոր հարցերի բոլոր պատասխանները:

«Մենք անպայման կաջակցենք, բայց միայն մեկ պայմանով: Օգնեք մեզ հասկանալ իրավիճակը, մեզ ճշգրիտ տեղեկություններ տրամադրեք այն մասին, թե դա ինչ պատվաստանյութ է, ինչպիսին է դրա կազմը, երբ են այն ստեղծել, որքան արժե, որ երկրներն են պատվաստվում դրանով, իսկ որոնք են հրաժարվել և ինչու: Սրանք այն հարցերն են, որոնց պետք է պատասխան տրվի», – հայտարարել է եպիսկոպոսը՝ «Formula» հեռուստաընկերության եթերում:

ՎՈՒԵ-ն «պատասխանատվություն չի ստանձնի պատվաստվել քարոզելու հարցում»: Այս պաշտոնական դիրքորոշումն արտահայտել է ՎՈՒԵ-ի պատրիարքարանը: Նախօրեին Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչները դիմել էին ՎՈՒԵ-ին՝ պատվաստմանը նպաստելու խնդրանքով:

«Պատվաստման նկատմամբ ցանկացած մարդ ազատ է իր ընտրության մեջ», – հայտարարել է Պատրիարքարանի մամուլի խոսնակ Անդրիա Ջաղմաիձեն: Այս թեմայի շուրջ ՎՈՒԵ-ն ուղղորդվում է փետրվարի 11-ի Սինոդի որոշմամբ, մասնավորապես.

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ կորոնավորուսի պատվաստման հետ կապված գործընթացը կամավոր է, այլ ոչ թե պարտադիր: Սա առավել քան կարևոր է, հատկապես այսօր, երբ պատվաստանյութը ստեղծված է, և տարբեր երկրների առողջապահության ոլորտի մասնագետները տարբեր կարծիքներ ունեն այդ մասին: Նշենք նաև, որ ցանկացած անձ, անկախ իր սոցիալական կարգավիճակից, հասարակական կամ մասնավոր գործունեությունից՝ պատվաստվելու կամ չպատվաստվելու դեպքում, չպետք է դառնա ճնշման, վիրավորանքի կամ հետապնդման օբյեկտ», – Ֆեյսբուքյան իր էջում գրել է Պատրիարքարանի մամուլի խոսնակը: