Մայիսի 15-ին Ախալցիխեում տեղի ունեցավ շախմատի տարածաշրջանային մրցաշար, որտեղ լավագույն շախմատիստ է ճանաչվել Ախալքալաքը ներկայացնող Դավիթ Չախալյանը:

Շախմատի պատանեկան մրցաշարը կայացավ Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ: Մրցաշարն ամենամյա բնույթ է կրում, և անցկացվում է Վրաստանի բոլոր տարածաշրջաններում:

14-ամյա Դավիթն տարածաշրջանային առաջնությունում երեք խաղ է անցկացրել և բոլոր խաղերում առավելության է հասել մրցակցի նկատմամբ:

«Ուրախ եմ, որ հաղթեցի: Ամեն ինչ լավ էր: Վերջին և որոշիչ խաղը Նինոծմինդայից Դավիթի հետ էր: Հաղթանակները քայլ առ քայլ մոտեցնում են իմ երազանքին՝ դառնալ աշխարհում հայտնի և ուժեղագույն շախմատիստ»,- ասաց Դավիթ Չախալյանը:

Վերջինս աչքի է ընկնում համեստ բնավորությամբ: Նրանից մի քանի բառ կորզելն իսկական հաջողություն է: Ուրախ է, որ հաղթելով այս մրցաշարում նա նաև վաստակել է ամառային հանգիստը ծովափնյա Անակլիա քաղաքում անցկացնելու ուղեգիրը:

Chaxalyan Davit

Տարածաշրջանային մրցումների հաղթողներն ամռանը կմեկնեն Անակլիա, որտեղ և տեղի է ունենալու շախմատի Վրաստանի առաջնությունը: Նույն մրցաշարի տրամաբանական շարունակությունն է լինելու, որին իրավունք են ստանում մասնակցել միայն շրջանային մրցույթներում առաջին տեղեր գրաված շախմատիստները:

Ախալքալաքի Շախմատի դպրոցի տնօրեն Վահան Սողոյանը գոհունակությամբ նշում է. «Ուրախ եմ, որ Դավիթը մեզ պատվով ներկայացրեց տարածաշրջանում: Արդեն երկու տարի է 6 շրջանների միչև պայքարի արդյունքում Ախալքալաքը ներկայացնող Չախալյան եղբայրները առաջին տեղ են բերում: Մրցումները կայացան օլիմպիական կարգով և պարտվողն ինքստինքյան դուրս էր մնում մրցաշարից»:

Շախմատի այս մրցաշարին իրենց ուժերը չափեցին 6 մարզիկներ, ովքեր ներկայացնում էին Սամցխե-Ջավախքի 6 շրջանները՝ Ախալքալաք, Ախալցիխե, Նինոծմինդա, Ադիգեն, Բորժոմ, Ասպինձա:

Աղունիկ Այվազյան