Արմենուհի Մղդեսյանը դիմել է ռադիո «NOR»-ին` «Ծիծեռնակ» մանկապարտեզում զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու կապակցությամբ:

Արմենուհի Մղդեսյանը աշխատում էր Նինոծմինդա քաղաքի նոր «Ծիծեռնակ» մանկապարտեզում որպես դաստիարակ: 2020 թվականին՝ փետրվարի 3-ին, մանկապարտեզը բացվել էր, և այդ իսկ օրվանից նա աշխատում էր այնտեղ: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մանկապարտեզը փակվել էր, և բոլորն անցել էին առցանց աշխատառեժիմի: 2020 թ.-ի հոկտեմբերի 15-ից հետո մանկապարտեզները վերսկսել են իրենց աշխատանքը:

«Չորս օր աշխատելուց հետո առողջությունս վատացավ: Գնացի Ախալքալաք՝ բժշկի մոտ, իսկ այնտեղից անմիջապես ուղարկեցին Թբիլիսի՝ շտապ վիրահատության: Աղջիկս անմիջապես զանգահարեց մանկապարտեզի մենեջեր Ամալյա Մղդեսյանին՝ զգուշացնելու համար իմ ծանր վիճակի մասին, որ ինձ անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Ամալյան պահանջել էր, որ ես ներկայանամ աշխատանքի: Աղջիկս անջատել էր հեռախոսը և զանգահարել գործադիր տնօրեն Մարինա Եսոյանին, ով կուլտուրական ձևով պատասխանել էր և մաղթել շուտափույթ ապաքինում: Թբիլիսիի կլինիկայից ես անմիջապես հայտարարություն գրեցի և արձակուրդ խնդրեցի նոյեմբերի 1-ից մինչև 20-ը: Հետո նաև ներկայացրեցի տեղեկագիրը», – պատմում է Արմենուհին:

Արմենունին երկու ծանր վիրահատություն է տարել: Ունի դրանք հաստատող բոլոր փաստաթղթերը:

«2021 թ.-ին՝ հունվարի 24-ին, ես գնացի իմ աշխատավարձը հանելու, որպեսզի վճարեմ աղջկաս ուսման վարձավճարը, սակայն հաշվեհամարիս գումար չկար: Զանգահարեցի տնօրենին, ով պատասխանեց, որ գումարը դեռ հաշվեհամարին չի փոխանցվել: Այն բանից հետո, երբ իմացա, որ բոլոր աշխատողները աշխատավարձ են ստացել, նորից զանգահարեցի տնօրենին և իմացա, որ այս ամիս աշխատավարձ չեմ ստանալու: Ես նամակ գրեցի Մարինային՝ պահանջելով բացատրություն: Հետո նա պատասխանեց, որ ինձ ազատել է աշխատանքից: Եվ հիմա խնդրում եմ ձեզ մանրամասնորեն պարզել՝ թե ինչի հիման վրա են ինձ ազատել աշխատանքից», – ասում է Արմենուհին:

Արմենուհին վարկ է վերցրել բուժման և դստեր ուսման վարձը վճարելու համար: Արմենուհին ապրում է դստեր և տարեց մոր հետ: Ընտանիքի հիմնական բյուջեն Արմենուհու մոր ստացած կենսաթոշակն է:

«Ո՞ւր է մեր ղեկավարությունը, ինչու մեր կողքին չէ: Ո՞վ կպատասխանի ինձ՝ ինչ հիմքով են նրանք ազատել աշխատանքից», – ասում է Արմենուհին:

Արմենուհին շնորհակալություն է հայտնում այն ​​բանի համար, որ քաղաքապետարանը վճարել է իր վիրահատության համար 720 լարի, իսկ պետությունը՝ 2450 լարի:

Այս հարցը պարզաբանելու համար դիմեցինք մանկապարտեզի գործադիր տնօրեն Մարինե Եսոյանին, ով պատասխանեց, որ մանկապարտեզի բոլոր աշխատողները պայմանագրով են աշխատում: Արմենուհի Մղդեսյանի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, և նրա հետ պայմանագիրը չի շարունակվել: Հարցին, թե ինչու չի շարունակվել պայմանագիրն Արմենուհի Մղդեսյանի հետ, տնօրեն Մարինե Եսոյանը զերծ մնաց մեկնաբանելուց: