Այսօր, փետրվարի 21-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի բյուրոյի անդամներն օգնություն են տրամադրել Նինոծմինդայում բնակվող, սոցիալական բարդ պայմաններում ապրող Եսոյանների ընտանիքին:
Jnews-ի փետրվարի 19-ի «Երեխաների սոցիալական նպաստը` հացի գումար» հրապարակման հետ կապված պատգամավոր Հենզել Մկոյանի կարգադրությամբ զրոյացվել է Ադելինա Եսոյանի բնական գազի երեք ամսվա վճարումները:
«Երեկ ես Թբիլիսիում էի, ինձ զանգահարեցին բյուրոյից, տեղեկացրին Եսոյանների մասին: Ես մշտապես օգնել եմ այդ ընտանիքին, շատ լավ գիտեմ իրենց մասին: Ադելինան դիմել էր բյուրո, հետո Jnews-ն էր գրել, որ Ադելինան չի կարող վճարել գազի դիմաց, ես ասացի, որ անպայման փակեն երեք ամսվա գազի վճարումները, ինչպես նաև սննդամթեք տանեն»,- ասաց Հենզել Մկոյանը:
Պատգամավորը նաև հայտնեց, որ սոցիալապես անապահով ընտանիքները մշտապես իր ուշադրության կենտրոնում են գտնվում: Հենզել Մկոյանը Jnews-ին հավաստիացրեց, որ Ադելինա Եսոյանի ընտանիքի սոցիալական վիճակը կպահի իր հսկողության տակ, ինչպես նաև կզբացվի տան սեփականաշնորհման խնդրով:
«Ինչպես գիտեք, այդ շենքը, որտեղ Ադելինան է ապրում իր 3 երեխաների հետ, ես եմ հատկացրել: Ես Ադելինային էլ եմ խոստացել, Ձեզ էլ եմ ասում, որ կզբաղվեմ տան սեփականաշնորհման հարցով, բայց դժվար է, գիտեք մի օրում հնարավոր չէ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց խորհրդարանի պատգամավորը:
Ինչպես գրել էինք, Ադելինան սոցիալական բարդ պայմանների պարտադրանքով 2017թ.-ին դիմել էր Նինոծմինդայի քաղաքապետարան և խորհրդարանի պատգամավորին, որպեսզի գոնե ապրելու տեղ ունենա:
«Այս շենքը Նինոծմինդայի քաղաքապետարանն է տրամադրել, փլված շենք է, վարձով էինք ապրում, հացի գումար չունեինք վարձի փող էինք ստիպված տալիս, դիմեցի Հենզել Մկոյանին վերջը այս շենքը հատկացրին»,- ասում է երեք երեխաների մայրը:
Մեր հարցին, թե ինչ օգնություն է ակնկալում, վերջինս ասաց. «Միակ խնդրանքս է, մի հնար լինի այս տունը սեփականաշնորհեմ երեխաներիս անունով, որպեսզի ինչ էլ, որ լինի ապրելու տեղ ունենանք: Եվ եթե կարողանամ աչքերս բուժեմ, գոնե որոշ չափով տեսնեմ», – հավելում է Ադելինա Եսոյանը:
Սոցիալապես բարդ պայմաններում ապրող ընտանիքի հայրն անազատության մեջ է՝ կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու պատճառով: Ընտանիքն ապրում է պետությունից ստացած 300, ինչպես նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից տրամադրվող միամյա տրվող 100 լարիի հաշվին: