Այսօրվանից՝ մարտի 15-ից, մարզական կենտրոններն ու մարզադահլիճները վերսկսել են իրենց աշխատանքը՝ ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Ախալքալաքում: Սակայն Ախալքալաքում ոչ բոլոր մարզական օբյեկտներն են վերսկսել իրենց աշխատանքը՝ ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով:
Այսօր Ախալքալաքում իրենց աշխատանքը վերսկել են մարզական համալիրը և մեկ մասնավոր մարզադահլիճ: Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարզադահլիճները պետք է համապատասխանեն անվտանգության բոլոր կանոններին: Համապատասխան որոշումը կայացվել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում:
Այնուամենայնիվ, մարզական դպրոցը և մարզադահլիճը, որոնք գործում են Ախալքալաքի լողավազանի շենքում, դեռ չեն վերսկսել իրենց աշխատանքը՝ շենքում ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով: Մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանի խոսքով՝ մարզադպրոցում դասերը կսկսվեն վաղը:
Ինչպես հավաստիացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, այս խնդիրն այդքան էլ չի խանգարում մարզադպրոցում պարապմունքների անցկացմանը: Վերջինիս խոսքով՝ ձմեռվանից հետո ջեռուցման համակարգը սառել է, և տվյալ խնդիրը շուտով կլուծվի:
Նշենք, որ շենքն ընդհանուր առմամբ ջեռուցվում է, իսկ մեծ դահլիճը, որտեղ հիմնականում անցկացվում են տարբեր մարզական խմբակների մարզումները՝ ոչ։
Ինչ վերաբերում է մարզադահլիճին, որը գործում է Ախալքալաքի լողավազանի շենքում, դեռ հայտնի չէ, թե երբ այն կվերսկսի իր աշխատանքը:
«Ընդհանուր առմամբ, լողավազանի շենքում ջեռուցման խնդիր կա, երբ այդ խնդիրը կլուծվի, ես չեմ կարող կոնկրետ ասել: Այս պահին մունիցիպալիտետի բյուջեում միջոցների սղության պատճառով այս աշխատանքների համար գումար չի հատկացվել», – ասում է Վալերի Ստելմաշովը: