Ախալքալաքի թիվ 3 վրացական դպրոցի աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որի արդյունքում շենքային պայմաններում սովորող դասարանները երկու շաբաթով կրկին անցել են հեռավար ուսուցման:
Ախալքալաքի դպրոցներն աշխատում են ճկուն ռեժիմով՝ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում դպրոցներն անմիջապես անցնում են հեռավար դասառեժիմի: Թիվ 3 դպրոցը փետրվարի 15-ից անցել է առցանց ուսուցման մոդելին:
Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, հայտնաբերվել է թիվ 3 դպրոցի վարակված աշխատակցի հետ շփման 9 դեպք:
«Ինը հոգի, ովքեր շփվել են վարակվածի հետ, ինքնամեկուսացված են», – ասում է Ավետիք Տոնականյանը:
Ախալքալաքի թիվ 3 դպրոցի շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ուսումնական տարվա սկզբից դպրոցի ավագ դասարանները սովորում են հեռավար դասառեժիմով: Առաջինից չորրորդ դասարանների դասերը անց էին կացվում երկրորդ հերթափոխով՝ թիվ 5 հանրային դպրոցում: Հենց այս դասարաններն էլ անցել էին հեռավար ուսուցման, քանի որ դպրոցի տեխնիկական աշխատողը վարակվել է կորոնավիրուսով: Սակայն, կոնկրետ թիվ 5 դպրոցը չի անցնում առցանց ուսուցման, քանի որ հերթափոխերի միջև ախտահանման աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտնում են ՀԱԿ-ից: