Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները կաշառք ստանալու մեղադրանքով բերման են ենթարկել Շուախեւիի (Աջարիա) մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակցին: Այս մասին այսօր հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Շրջանային վարչակազմում մեղադրյալն աշխատում է որպես տնտեսության, ճարտարապետության և ենթակառուցվածքների ծառայության գլխավոր մասնագետ:

ՊԱԾ-ի տվյալներով՝ որպես կաշառք, պաշտոնյան 4 հազար լարի (1,2 հազար ԱՄՆ դոլար) է պահանջել ներդրողից, որը շահագրգռված է եղել Զամլեթի գյուղում և Ուչամբի համայնքում երկու օբյեկտ վարձել: Պաշտոնատար անձը խոստացել է, որ համապատասխան պայմանագիրը ձեւակերպելու համար այդ օբյեկտները հանվելու են աճուրդի, իսկ ինքը գործարարին պաշտոնական հովանավորություն կտրամադրի:

Ինչպես և խոստացել էր, քաղաքապետարանի աշխատակցի անմիջական մասնակցությամբ Զամլեթի գյուղում գտնվող օբյեկտը հանվել էր աճուրդի, որում շահել էր վերոնշյալ ներդրողը: Պայմանագրի կնքումից հետո պաշտոնյան կաշառքի տեսքով ստացել է պահանջվող գումարի մեծ մասը՝ 2,5 հազար լարին (մոտ 755 դոլար):

Հակակոռուպցիոն գործակալությունը շարունակում է հետաքննել կաշառք վերցնելու փաստը: Ձերբակալվածին սպառնում է վեցից ինը տարի ժամկետով ազատազրկում: