Այսօր՝ մարտի 11-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի է ունեցել բազմազավակ մայրերի հանդիպումը Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ:
Ըստ Նինոծմինդայի Կանանց սենյակի, այսօր Նինոծմինդայի քաղաքապետարանում՝ Գենդերային հավասարության և տուրիզմի բաժնում, բազմազավակ մայրերը հանդիպել են Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին այն կանայք, ովքեր ունեն ավելի քան հինգ երեխա:
«Բոլոր ժամանակներում այսպիսի մայրերը հարգված են եղել հասարակության կողմից և այս տարի, արմատավորված այս ավանդույթի համաձայն, մունիցիպալիտետի ներկայացուցիչների հետ հանդիպումն անցավ ջերմ, ոչ ֆորմալ մթնոլորտում: Կանայք խոսեցին իրենց խնդիրների և զգացողությունների, երեխաների իրենց պարգևած երջանկության մասին», – ասվում է Նինոծմինդայի Կանանց սենյակի ֆեյսբուքյան էջում:
Բազմազավակ մայրերին քաղաքապետարանի անունից նվիրեցին հուշանվերներ և ծաղիկներ՝ մաղթելով նրանց գարնանային տրամադրություն ողջ տարվա ընթացքում: