Փարվանան` Վրաստանի ամենամեծ լիճը, 2021 թվականից կլինի Ջավախքի ազգային պարկի ենթակայության ներքո:

Ըստ Ջավախքի պահպանվող տարածքների տնօրեն Թամազ Մետրևելիի, Ջավախքի պահպանվող տարածքներում Փարվանա լիճը մտցնելու նպատակը բնությունը պահպանելն է այնպիսին, ինչպիսին կա:

«Նպատակը բնության, թռչունների, ձկների, էնդեմիկ տեսակների պահպանումն է: Ճիշտ է, մենք չենք արգելի ձկնորսությունը, բայց մենք սահմանափակումներ կմտցնենք, թույլ չենք տա ձկնորսությունը` խոշոր ցանցերով և ձվադրման ընթացքում: Մենք տեղեկություններ ունեինք, որ գոմաղբը լցվում է լիճ, մենք դա էլ կվերահսկենք», – ասում է նա:

Ըստ Թամազ Մետրևելիի, բուծման համար նրանք կլցնեն այն ձկնատեսակների մանրաձկնիկները, որոնք ժամանակին բազմացել են այստեղ:

Փարվանա լիճը մտցնելով պահպանվող տարածքների ցանկում ոչ միայն կպահպանվի Ջավախքի ամենագեղեցիկ լճի բնությունը, կենդանական և բուսական աշխարհը, այլև կսկսվի զարգանալ այս տարածքի ենթակառուցվածքը, տարածաշրջանում կսկսվի զարգանալ զբոսաշրջությունը, և տեղի բնակչությունը կկարողանա իր արտադրանքը վաճառել զբոսաշրջիկներին:

Ըստ Թամազ Մետրևելիի՝ Պահպանվող տարածքների գործակալությունը, նախքան Փարվանա լիճը պաշտոնապես ներառելը պահպանվող տարածքների ցանկում, մտադիր է հանդիպել Նինոծմինդայի շրջանի բնակչության և տեղական իշխանությունների հետ` իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև ձկնորսության վերաբերյալ մանրամասներ պարզելու նպատակով:

Փարվանա լճի հետ միասին, պահպանվող տարածքների ցանկում ներառվելու են նաև Սաղամո և Աբուլ լճերը:

Փարվանան գտնվում է ծովի մակարդակից 2073 մետր բարձրության վրա ու ունի բավականին մեծ տարածք՝ 37.5 քառակուսի կմ: Նրա առավելագույն խորությունը կազմում է 3 մետր 30 սանտիմետր, իսկ միջին խորությունը՝ 2 մետր 20 սանտիմետր: Ձմռանը լիճը ամբողջությամբ սառցակալվում է: Սառույցի հաստությունը հասնում է մինչև 73 սանտիմետր: