80-ամյա Ալբերտ Իսոյանը ապրում է Սաթխա գյուղում, նա հանուն գյուղի և հետագա սերունդների համար ստեղծում է թանգարան։

Երբ խնդրեցինք ներկայանալ, թե ո՞վ է Ալբերտ Իսոյանը, առաջինը նշեց սաթխացի, գյուղացի, բանասեր և այլևս չուզեց թվել, ուղորդեց մեզ քարե հետաքրքիր շինություն, որը մի քանի ամսից կհամալրի Ջավախքի թանգարանների շարքը։

tangaran1

Պարոն Իսոյանը 8 գրքի հեղինակ է, հիմնականում անդրադառնում է հայրենի Ջավախքին։ Նրա համար Ջավախքը հոգին սնելու կարևոր աղբյուր է։ Հպարտանում է իր գյուղի և նախնիների հերոսական պատմություններով ու չի պատկերացնում, որ բացի Սաթխայից ուրիշ տեղ կարող է ապրել։

tangaran7

Ալբերտ Իսոյանը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 23-ին Ջավախքի գեղատեսիլ գյուղերից մեկում՝ Սաթխայում։ Ծնողները մշտապես ապրել են գյուղում։ Հայրը՝ Ներսեսը զբաղվել է հողագործությամբ, իսկ մայրը՝ Հոռոմը զբաղվել է կթվորությամբ և տնային տնտեսությամբ։ Ալբերտ Իսոյանը 1958 թվականին ավարտել է Սաթխայի միջնակարգ դպրոցը, իսկ 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա վերադարձել է հայրենի գյուղ և զբաղվել ուսուցչությամբ՝ դասավանդելով հայոց լեզու։

tangaran

«Ես հավաքել եմ այս ամենը, որ գյուղում լինի այնպիսի մի վայր, որը կհետաքրքրի ոչ միայն գյուղացիներին, քանի որ իրենց պատմությունն ու իրենց պապերի առօրյան է, այլ նաև այն հյուրերին, ովքեր կգան Ջավախք և կհետաքրքրվեն, թե ինչով են ապրել և ապրում ջավախքցիները», – ասում է Ալբերտ Իսոյանը։

tangaran5

Այստեղ հավաքված ցուցանմուշները բազմազան են․ կենցաղ, մշակույթ, գյուղատնտեսություն, պատերազմ և գրականություն։ Իսոյանը հույս ունի, որ մոտ ապագայում այս բոլոր ցուցանմուշները թանգարանում իրենց արժանի տեղերը կգտնեն և ներկայանալի կդառնան հյուրերի համար։

tangaran3

tangaran2

Թանգարանի հսկայական շենքը կառուցելու համար Ալբերտ Իսոյանին օգնել են ռուսաստանաբնակ տղաները։ Իսոյանն ասում է, որ թանգարանը տուն դարձի միջոց կարող է ծառայել ևս, մեր հարցին թե արդյոք թանգարանի այդ ուղերձը որդիներին ևս կվերաբերվի, պարոն Իսոյանը մի պահ լռեց ու ասաց, որ ոչ, նրանց համար այլևս ուշ է։

tangaran6

Սոնա Տոնականյան
Ադանա Բաբաջանյան