Ոչ միշտ է առաջատար լինելու համար հավասար կետից սկսելը համարվում գրավական: Այսպես կարելի է նկարագրել մեր հերոսներին, ովքեր չնայած լեզվի ոչ բավարար իմացությանը և բազմաթիվ այլ դժվարություների կարողացել են հավասարվել, ապա նաև առաջ անցնել իրենց ավելի բարձ կետից սկսած ուսանողներից, հայտնվելով բարձր առաջադիմություն ունեցող լավագույն ուսանողների տասնյակներում: Jnews-ը խոսել է նրանցից երեքի հետ։
Երանյակ Սիմոնյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում: Ավարտել է Դադեշ գյուղի դպրոցը ոսկե մեդալով: Այժմ սովորում է Թբիլիսիի Պետական համալսարանի 3-րդ կուրսում: 2020 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան և հաջողությամբ ավարտելով վրացերենի վերապատրաստման կուրսը ուսումը շարունակում է բակալավրիատում:
Մեր հերոսուհին ուսումնառության տարիներին բախվել է մի շարք դժվարությունների, առաջին հերթին՝ պետական լեզվին լավ չտիրապետելու պատճառով։ Նախապատրաստական կուրսը սովորել է մի միջավայրում որտեղ միայն հայեր են եղել և նրանց հետ շփվելիս օգտագործել է հայերենը, ուստի վրացերեն խոսելը դժվար է եղել։ Երանակը հաղթահարելով սկզբնական բարդ շրջանը կարողացել է հասնել իր համար անհաղթահարելի թվացող հանգրվանին։ Այժմ առանց որևէ արգելքների կարողանում է խոսել, շփվել և իր կարծիքը հայտնել ցանկացած հարցի շուրջ։
«Ասում են՝ եթե ճանապարհը հեշտ է, ուրեմն դու սխալ ես գնում։ Նպատակ դրեցի, ճանապարհներ գտա՝ լուծելու այն խնդիրները, որոնք պատնեշի պես փակում էին իմ նպատակները, շատ անքուն գիշերներ անցկացրեցի ու հասա նրան, որ հիմա հպարտանում եմ իմ Ես-ով: Ինձ համար ամենադժվար և պատասխանատու պահերից մեկն այն էր, երբ ես պետք է ընտրություն կատարեի։ Երկար մտածելուց հետո, ես եկա այն եզրակացության, որ պետք է լսեմ իմ սրտին և ոչ թե մտքին, որ այդ պահին սիրտս ինձ ասում էր, որ ընտրեմ ուսուցչի մասնագիտությունը և կատարածս ընտրության արդյունքում հասա մեկ այլ նպատակի՝ պրոֆեսորադասախոսական կազմն ինձ ընդգրկեց բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների շարքում, և ստացա կրթաթոշակ», – ասում է Երանակ Սիմոնյանը:
Լուսինե Ամիրխանյանը ծնվել է Նինոծմինդա քաղաքում, ավարտել է տեղի ռուսական դպրոցը, ապա ընդունվելով համալսարան ուսումը շարունակում է Իլիայի պետական համալսարանում, այժմ սովորում է 4-րդ կուրսում:
«Չնայած նրան,որ ավարտել եմ ռուսական դպրոց, վրացերենի հանդեպ սերը ունեցել եմ մանկուց և եթե անգամ ինչ-որ պահի ստացվեր այնպես, որ կրթությունս շարունակեի Հայաստանում, ապա հետ վերադառնալուն պես անպայման կսովորեի վրացերեն: Չնայած որ դպրոցական տարիքից սիրել եմ պատմությունը և այն ամենը ինչ վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, միջազգային կապերին։ Մասնագիտության ընտրությունը եղել է շատ պատահական, բայց սովորելու ընթացքում սկսեցի ավելի շատ սիրել ընտածս մասնագիտությունը», – պատմում է Լուսինեն:
Լուսինե Ամիրխանյանը խոսելով անցյալի դժվարությունների մասին, ասում է․
«Հիմնական դժվարությունը, որը ունեցել եմ, չնայած, որ լեզվի իմացության հիմքն ունեի, միևնույն է՝ անձամբ ինձ համար եղել է բավականին դժվար, քանի որ սկսել եմ բարձր խմբի ուսանողների հետ, նաև տեխնիկական առումով շատ բան չեմ իմացել։ Սակայն, ուրախ եմ, որ այն դժվարություները, որոնք այն ժամանակ շատ բարդ էին թվում, այսօր ամբողջությամբ հաղթահարված են: Կարծում եմ, կատարածս ճիշտ ընտրությունը և դժվարություները հաղթահարելու մեծ ցանկությունն օգնեցին ինձ առաջ գնալ և հասնել ավելի շատ հաջողություների։ Այժմ իմ ունեցած բալերով հայտնվել եմ լավագույն ուսանողների շարքում և ստանում եմ կրթաթոշակ»:
Էդիկ Քամալյանը Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղից է։ Նա Իլիայի պետական համալսարանում քաղաքագիտություն է ուսանում: Էդիկն այն ուսանողներից մեկն է, ով համալսարան է ընդունվել «1+4» ծրագրով և հաղթահարելով լեզվական խոչընդոտը երկերեդ տարին անընդմեջ հայտնվել է Ֆակուլտետի լավագույն 10 ուսանողների շարքում։
Երբ նոր էի ընդունվում համալսարան, վրացերեն լեզվից բացի ունեի նաև հայոց լեզվի խնդիրը, հաճախելով ռուսական դպրոց հայերենը ավելի խորը սկսել եմ ուսումնասիրել դպրոցական վերջին տարիներին, քանի որ ազգային քննություները պետք է հանձնեի հենց հայերենով: Ինչ վերաբերվում է մասնագիտության ընտրությանը դեռ մանկուց շատ էի հետաքրքրված քաղաքականությամբ, համացանցում նույնպես ամենաշատն ուշադրություն էի դարձնում քաղաքական իրադարձություներին։ Եվ այդ պատճառով էլ ընտրությունս կանգ առավ հենց քաղաքագիտության վրա, գիտակցելով որ սա ինձ դուր է գալիս և սրա մեջ ես ինձ լիարժեք կզգամ», – ասում է Էդիկ Քամալյանը։
Վերջինս ընդգծում է, որ վրացի ընկերների և հաղորդակցության շնորհիվ հաղթահարել է լեզվական բարիերը և, այսօր համարյա բոլոր առարկաներից հավաքում է առավելագույն միավորներ, ինչի շնորհիվ էլ կրթաթոշակ է ստանում։