Նոր ուսումնական տարում Ազավրեթի վթարային դպրոցն իր կիսախարխուլ 6 փոքրիկ դասասենյակներով 9 առաջին դասարանցի կընդունի: Ազավրեթում նոր դպրոցի շենքի կառուցման հարցը մշուշոտ է:
«Շենքը վթարային է, դասասենյակներից մնացել է 4-ը, և մի մեծ սենյակ կար, որը կիսեցինք երկու մասի ու երեք հերթափոխով դաս ենք անում։ Այս տարի էլ մի սենյակ վարձեցի, մեկ էլ ակումբը տրամադրեց մի փոքր անկյուն և ուսումնական տարին այդպես փակեցինք», – ահա այսպես է սկսում իր խոսքը Ազավրեթի հանրային դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:
Տնօրենը ցավով է նշում, որ երեխաներն իրենց առաջին քայլերը կանեն կրթության ընդարձակ աշխարհ՝ վթարային դպրոցում:
Ազավրեթի հանրային դպրոցի, թե ուսուցիչները, և թե աշակերտները դպրոց են հաճախում վախով, յուրաքանչյուր պահի սպասելով աղետի։ Խոնավ պատեր, գերաններով ամրացված փոքր դասասենյակներ, 3 հերթյա դասեր՝ 35 րոպե տևողությամբ, ու ամեն րոպե փլուզման վտանգի ներքո:
Այս դպրոցի ընդամենը 18ք/մ մակերես ունեցող փոքրիկ դասասենյակներում միջինը 20-25 աշակերտ է ուսանում, իսկ ձմռանը՝ տեղ պետք է ճարել նաև վառարանի համար։
Ազավրեթ գյուղի հանրային դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի պատմելով, հիմնախնդիրը ծագել է 2016 թվականից, երբ ձմեռային արձակուրդների ժամանակ դպրոցի աշխատակիցը բարձրացել է ծխնելույզները մաքրելու, և կտուրից ներս է ընկել։
«Ես միանգամից ահազանգեցի Կրթական ռեսուրս կենտրոն, իսկ նրանք ԿԳ նախարարությանը։ Մի քանի օր հետո ենթակառուցվածքների բաժնից, մանրազննին ուսումնասիրեցին՝ բարձրացան վերև, նմուշ վերցրեցին (ես կապիտալ ռեմոնտ 99 թվին էի արել) ու իրենց հետաքրքրեց, թե ինչու պիտի այդքան շուտ փուլ գար, արդյո՞ք շինարարական աշխատանքներն էին վատ եղել, թե՞ շինանյութը»,- հիշում է տնօրենը։
Այս հարցը այդպես էլ չի պարզվել: Իսկ 2017 թվականին, երբ ամբողջ շրջանին նախատեսել էին դպրոցների վերանորոգման համար գումար, տնօրենի խոսքով այն որոշվել էր ամբողջությամբ տրամադրել Ազավրեթի դպրոցին, բայց հետո փողը չի ուղարկվել և վերանորոգման աշխատանքները ձախողվել են։
«Մի քանի անգամ եկել են երկրաբաններ, շինարարներ, որոնց մի մասն ասում է, որ զրոյից պետք է կառուցվի շենքը, իսկ մի մասի կարծիքով, շենքը ենթակա է վերանորոգման, ու այս անորոշությունն անընդհատ ձգձգվում է։ Հիմա ես չգիտեմ ինչ պետք է անեմ», – ասում է Եղիազարյանը:
Դպրոցի տնօրենի խոսքերով ինքը հայտնվել է փակուղու դիմաց և չգիտի որն է ճիշտ ելքը։ Դպրոցի բյուջեում մնացած գումարը չի բավարարում դասարան վարձելու համար, իսկ մեկ այլ տարբերակ՝ ըստ որի երեխաները կարող են հաճախել հարևան՝ Բուռնաշեթ գյուղի դպրոց, տնօրենը նույնպես բացառում է, ասելով՝ «184 աշակերտի, 37 ուսուցչական կոլեկտիվով ու՞ր տանեմ»:
«Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ոչ գյուղում կարող եմ սենյակ վարձել, ոչ էլ հարևան գյուղ գնալն իմ իրավասության մեջ է, պետք է նախարարության կարգադրություն լինի, դպրոցների տնօրենների, աշակերտների ծնողների համաձայնություն պետք է լինի։ Ծնողները դեմ են իրենց երեխաներին գյուղից դուրս հանելուն: Մտավխություն կա, որ, եթե հարևան գյուղ գնացին դպրոց, իբր թե ավագ դպրոցների հարցով, հնարավոր է Բուռնաշեթ գյուղի դպրոցը դառնա կենտրոն, իսկ մերը՝ 9-ամյա»,- պատմում է Ազավրեթի կիսախարխուլ դպրոցի տնօրենը։
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, տենդեր է հայտարարված, ըստ որի Ազավրեթի հանրային դպրոցը պետք է կապիտալ վերանորոգվի։
«Այսօրվա դրությամբ, հուլիսի 26-ից տենդեր է հայտարավել Դիլիսկայի և Ազավրեթի դպրոցների հիմնանորոգման համար: Ինչպես մեզ տեղեկացրել են այս տարի ամբողջությամբ նախագծային և այլ աշխատանքները կիրականացվեն: Արդեն եկող տարվա գարնանից, ապրիլ ամսից, երբ որ արդեն հնարավոր կլինի աշխատանքները սկսել, կսկսեն աշխատանքները: Դիլիսկայի դպրոցի կապիտալ վերանորոգման հարցը օրակարգում է», – ասում է քաղաքապետը։
Ազավրեթի դպրոցն այս տարի ունեցավ 21 շրջանավարտ և 9 առաջին դասարանցի կնդունվեն առաջին դասարան, սակայն տարեց տարի նրանց թիվն էլ է պակասում։
Ախալքալաքի շրջանի հեռավոր՝ Ազավրեթ գյուղի դպրոցի տնօրենը միանշանակ ու անխոս կողմ է նոր դպրոցի կառուցմանը, միևնույն ժամանակ կողմ է նաև կապիտալ վերանորոգմանը: Իսկ, եթե այս անորոշությունը շարունակվի նա պատրաստ է հեռանալ ավելի քան 25 տարի դպրոցի տնօրենի զբաղեցրած պաշտոնից:
Ռիմա Մառանգոզյան