Ամենահայտնի պորտալներից մեկը՝ «European Best Destination»-ը (Եվրոպայում տուրիստական լավագույն ուղղություններ), հրապարակում է այն քաղաքների վարկանիշը, որոնք պատվաստված ճանապարհորդողների համար լավագույն ուղղություններն են հանդիսանում:
Այս վարկանիշում (Best Destination for vaccinated travelers 2021) առաջին տեղը զբաղեցնում է Վրաստանի մայրաքաղաքը: Թբիլիսիից բացի, վարկանիշում ներառված են այնպիսի տուրիստական ուղղություններ, ինչպիսիք են՝ Կոպենհագենը, Կեֆալոնիան, Սևիլիան, Աթենքը, Ստոկհոլմը, Կանարյան կղզիները, Մադեյրան, Բաթումին (4-րդ տեղ) և այլք: Կազմակերպությունը նաև հրապարակում է 2021 թվականի համար անվտանգ ճանապարհորդության ուղղությունների վարկանիշը (Coronavirus – Safest Destinations to Visit in 2021), որում Թբիլիսին զբաղեցնում է 3-րդ տեղը:
«Եթե դուք փնտրում եք մշակույթ, բնություն, առողջություն, գաստրոնոմիական բազմազանություն կամ պարզապես գնումների համար տուրիստական քաղաքային ուղղություն, ապա Թբիլիսին՝ Վրաստանի մայրաքաղաքը, հիանալի տարբերակ է 2021 թվականի արձակուրդների համար: Ինչո՞ւ արժի Թբիլիսին բացահայտել Ձեզ համար 2021 թվականին: Ավելի քան երբևէ, հիմա մենք գիտենք, որ պետք է վայելենք կյանքը և չպետք է հետաձգենք անմոռանալի ճանապարհորդությունները: Վրաստանը և հատկապես Թբիլիսին ավանդական և ժամանակակից են, կոսմոպոլիտ, բազմազգ, իսկապես եզակի և անկրկնելի է: Վրաստանը շատ արագ և դրականորեն արձագանքեց առողջապահական ճգնաժամին՝ արդյունավետ և նորարարական մոտեցումներով: Երբ կորոնավարակի դեպքերի քանակը նվազեց, և պատվաստանյութը մատչելի դարձավ, երկիրը բացեց իր սահմանները պատվաստված ճանապարհորդների առջև՝ առանց պահանջելու կարանտին կամ լրացուցիչ հետազոտություններ անցնել», – ասվում է EBD-ի պաշտոնական էջում:
Պատվաստված հյուրերը կարող են Վրաստան մեկնել այս տարվա փետրվարի 1-ից: