Աշխարհում բիթքոինի մայնինգի (խմբ.՝ mining, արդյունահանում/արտադրություն,սեփական վիրտուալ դրամապանակին ինչպես կրիպտոարժույթ ստանալու, այնպես էլ այն թողարկելու միջոց է) ծավալով համաշխարհային առաջատարներն են ԱՄՆ-ը, Ղազախստանը և Ռուսաստանը: Այս մասին են վկայում Քեմբրիջի համալսարանի տվյալները, գրում է Reuters-ը:
ԱՄՆ-ի մասնաբաժինը աշխարհում բիթքոինի հեշրեյթում օգոստոսի վերջին կազմել է 35,4%, Ղազախստանինը՝ 18,1%, Ռուսաստանինը՝ 11,2%:
Քեմբրիջի համալսարանի տվյալների համաձայն, Վրաստանի մասնաբաժինն աշխարհի բիթքոինի մայնինգում կազմում է 0,18%: Սա ավելին է, քան Ուկրաինայում (0.13%), Թուրքիայում (0.06%) և Ադրբեջանում (0.03%)։
Երկու տարվա ընթացքում Վրաստանի մասնաբաժինը կրճատվել է մոտ երկու անգամ` 2019 թվականի սեպտեմբերին այն կազմել է 0.32%: Ենթադրաբար, վիճակագրությունը հաշվի է առնում նաև Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության տվյալները:
Չինաստանի մասնաբաժինը, որը դեռեւս հունիսին բիթքոինի մայնինգի ամենամեծ կենտրոնն էր, զրոյի է իջել: Դա պայմանավորված է Չինաստանի իշխանությունների քաղաքականությամբ, որն այս տարի վերջնականապես արգելեց կրիպտոարժույթների արդյունահանումը և նրանց հետ կապված բոլոր գործողություններն անօրինական հայտարարեց: Չինաստանի իշխանություններն արգելքն բացատրեցին նրանով, որ կրիպտոարժույթները խախտում են երկրի ֆինանսական համակարգի կայունությունը և օգտագործվում են փողերի լվացման համար: