«Շատ դժվար է աղետի ժամանակ կանխատեսել իրադարձությունների ընթացքը, բայց եթե կլիմայական պայմանները մեզ օգնեն, Աբասթումանի անտառի տարածքում հրդեհը մենք, հավանաբար, շուտով կկարողանանք վերացնել», – այսօրվա կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Կառավարության ղեկավարն առաջին հերթին արձագանքեց հրդեհի առնչությամբ ստեղծված իրավիճակին:
«Ինչպես գիտեք, Աբասթումանի տարածքում այրվում է խառը անտառը: Մինչ այժմ 1000-ից ավելի մարդ է ներգրավված տարերքի դեմ պայքարի գործում: Աշխատում է նաև ավիացիան՝ սահմանային ուժերի ուղղաթիռը այս փուլում օգնում է «Թուշեթի» ընկերության ուղղաթիռին: Բացի այդ, տեղում կան երկու թուրքական ուղղաթիռներ, Ուկրաինայից ժամանած ինքնաթիռը և ադրբեջանական ուղղաթիռը: Որքանով ես գիտեմ, բանակցություններ են ընթանում Իրանի հետ, եթե չեմ սխալվում, արդեն կա թույլտվություն, և անհրաժեշտության դեպքում դրանք կմիանան: Իհարկե, աղետի ժամանակ դժվար է կանխատեսել իրադարձությունների ընթացքը, բայց եթե կլիմայական պայմանները օգնեն, շուտով մենք կկարողանանք վերացնել հրդեհը և վերջնականապես հանգցնել կրակը», – հայտարարել է Կվիրիկաշվիլին: