Կիրովական գյուղի մինի-մարզադաշտը կառուցվել է անցած տարի, իսկ այս տարի այն ընդհարձակվելու է: Գյուղում կարծում են, որ մարզադաշտի փոքր չափը նախագծողի սխալի արդյունք է, սակայն քաղաքապետարանից պնդում են, որ սխալ թույլ չի տրվել, չափերը համապատասխանել են եղած գումարին:
Երեկ՝ մարտի 4-ին, JNEWS– ը նյութ էր հրապարակել՝ Կիրովականի «գաճաճ» մարզադաշտը կվերածվի ստանդարտայինի , որտեղ ասվում էր, որ Կիրովական գյուղում մինի-մարզադաշտը կառուցվել է շատ փոքր: Գյուղացիները, ի դեմս քաղաքապետի ներկայացուցչի, պնդում են, որ փոքր չափը նախագծողի սխալի հետևանք է: JNEWS- ը որոշեց պարզել, թե որն է մարզադաշտի փոքր չափի պատճառը:
Անցյալ տարի Ախալքալաքի շրջանի Կիրովական գյուղում տեղական բյուջեի միջոցներով կառուցվել էր 1800 մ֊ը 2650 մ֊ի մինի մարզադաշտ, որի համար տեղական բյուջեից հատկացվել էր 10 061 լարի: Տենդերը 8049 լարիով շահել էր ձեռնարկատեր Ռաֆիկ Զարմարյանը:
Այս տարի տեղական բյուջեն Կիրովական գյուղում մինի մարզադաշտ կառուցելու համար կրկին հատկացրել է 18 615 լարի:
Նախորդ տարի մարզադաշտը կառուցած ձետնարկատեր Ռաֆիկ Զարմարյանի խոսքով, իրենք այն կառուցել են նախագծին խիստ համապատասխան:
«Մենք կառուցեցինք այն, ինչ նրանք ուզում էին, և այն, ինչ նախատեսված էր նախագծով: Ես լսել եմ, որ այս տարի ցանկանում են մարզադաշտը մեծացնել: Մենք ցանկապատ կառուցել ենք մարզադաշտի շուրջ, չնայած, իմ կարծիքով, դա կարելի էր ավելի լավը անել, բայց ես արել եմ այնպես, ինչպես նախագծում էր: Այս տարի երևի ցանկանում են ցանկապատը փոխել և արհեստական խոտածածկ գցել, քանի որ անցյալ տարի գյուղի լիազորն ասաց, որ եթե հետո փող լինի, ցանցը կփոխեն », – ասաց Ռաֆիկ Զարմարյանը:
Կիրովական գյուղի ներկայացուցիչը, JNEWS- ի հետ զրույցում կրկին ասաց, որ նախագծողը պարզապես սխալ է թույլ տվել նախագծի նախագծման ժամանակ, և մինի-մարզադաշտի չափը փոքր է, այդ իսկ պատճառով այս տարի նրանք ընդհարձակելու են այն:
«Նախագծողը սխալ է թույլ տվել և գրել է 26 մ` 30 մ-ի փոխարեն, իսկ շինարարը այդպես է կառուցել: Այս տարի մենք այն կմեծացնենք 4 մ-ով: Այն պետք է լիներ 30 մ֊ը 18 ֊ի վրա: Մենք կանցկացնենք նոր ցանց, չորս հենասյուն կդնենք լուսավորության համար »,֊ ասաց Ռուստամ Մովսեսյանը։
Մինի մարզադաշտի անցյալ տարվա նախագիծը կազմել էր ՍՊԸ «Արկստուդիո Վ» ընկերությունը: Ընկերության տնօրեն Վալերի Ցխովրեբաձեն ասաց, որ իրենք նախագիծը կազմել են այնպես, ինչպես իրենց պատվիրել են, չնայած հետագայում շտկումներ եղել են:
«Ես գիտեմ, որ նախորդ տարի փողը չէր հերիքում նրան, ինչ ցանկանում էին, հավանաբար, կշարունակեն այս տարի: Մենք նախագծում փոխել էինք աշխատանքները, ցանցը կառուցել էինք, բայց տարածքը չէինք մեծացրել», – ասաց «Արկստուդիո Վ» ՍՊԸ-ի տնօրեն Վալերին Ցխովրեբաձեն։
Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ այս տարի կազմվելու է նոր նախագիծ:
Այս տարի Կիրովական գյուղի բնակիչները ցանկանում են ընդհարձակել մարզադաշտը, ուստի տեղական բյուջեն կրկին միջոցներ է հատկացնում: Գումարն այս տարի կազմում է 18 615 լարի:
Քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության մասնագետ Գարիկ Գալիվոնջյանն ասաց, որ այս տարվա նախագիծը դեռ պատվիրված չէ:
«Անցյալ տարի մինի մարզադաշտի համար գումարը քիչ էր, նրանք ուղակի շատ էին ցանկանում, և մենք կառուցեցինք որքան գումարը բավարարեց: Մենք ունենք երեք այդպիսի մարզադաշտեր, որոնք երկու տարի է կառուցում ենք: Տնտեսության ծառայությունը կատարել է մոտավոր հաշվարկ, պահանջել են Սակրեբուլոյից և նրանք հաստատել են այն: Բայց մենք պատվիրելու ենք նոր նախահաշիվ: Նախագծողը կգնա այնտեղ և կծանոթանա: 4 մետր ավելացնելու համար հատկացված գումարը շատ է: Եթե մնա, կկարողանան լուսավորություն անցկացնել, սակայն դա, հավանաբար, չի բավականացնի մարզադաշտի ծածկի համար », – ասաց Գարիկ Գալիվոնջյանը:
Մարզադաշտի կառուցման համար հատկացվել է 10 000 լարիից փոքր֊ինչ ավելի, ընդհարձակման համար` ավելի քան 18 000 լարի: Արդյոք այդ միջոցները բավարար են, որ Կիրովականում լինի բնակիչների ցանկությանը համապատասխան մարզադաշտ, պարզ կդառնա դրա նախագծային վերափոխումից և կառուցումից հետո: