Արագվա գյուղի հանրային դպրոցը ընդհանուր ջեռուցման համակարգ չունի: Աշակերտները դասի են նստում ծխի մեջ, քանի որ դասասենյակները վառարաններով են «տաքացվում»:
1986 թվականին շահագործման հանձնված, տիպային այս շենքում բացակայում է ընդհանուր ջեռուցման համակարգը: Տարիներ շարունակ աշակերտները փայտե վառարաններով են տաքանում:
«Ինչպես մեր թվարկությունից առաջվա մարդիկ էին իրենց տները տաքացնում, այժմ էլ մեր դպրոցում: Փայտով, մազութով, ինչպես պատահի տաքացնում ենք: Եթե դրսում քամի է լինում դասասենյակում նստելն անհնար է, քամին վառարանի ծուխը հետ է խփում: Դասատուն տուն է գնում հագուստի վրայից ծխի հոտ է գալիս: Ամբողջ օրը շմոլ գազ ենք շնչում: 21-րդ դարում ենք ապրում, բայց մեր թվարկությունից առաջվա պայմաններն են այստեղ»,- ասաց Արագվա գյուղի դպրոցի տնօրեն Անդրեաս Աբդոյանը:
Իսկ ուսուցչանոցում հավաքված մանկավարժները կատակում են՝ ահա այս մատնաչափիկով (վառարանով) ենք տաքանում:
Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնից Արագվայի դպրոցի տնօրինությանը տեղեկացրել են, որ 2016 թվականին այս դպրոցը ներառված է ընդհանուր ջեռուցման համակարգով ապահովելու դպրոցների ցանկում:
«Ամոթ է, մխի մեջ դաս ենք պարապում, աշակերտից էլ ի՞նչ պահանջենք: Տարրական դասարանների երեխաներն անընդհատ աչքերն են տրորում»,- ասաց տարրականի դասվարը, ով չցանկացավ ներկայանալ:
Հաշվի առնելով Ջավախքի բնակլիմայական բարդ պայմանները, ապա կենտրոնական ջեռուցումն այստեղ պարտադիր է: Ջավախքի դպրոցներն սկսում են ջեռուցել՝ հոկտեմբերի 15-ից և ավարտվում մայիսին: Իսկ Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը ջեռուցման համար ֆինանսավորում է միայն նոյեմբերի 1-ից մինչև ապրիլ ամիս:
Բացի ջեռուցումից Արագվա գյուղի դպրոցն այլ խնդիրներ ևս ունի: Դպրոցում բացակայում է զուգարանը: Աշակերտները ստիպված «պահում» են այնքան ժամանակ մինչև դասերը վերջանա: Դպրոցի բակում առկա զուգարանը գտնվում է կիսաքանդ վիճակում:
«Շենքը կառուցված է ոչ համապատասխան պայմաններով, այսինքն նախատեսված եղել է, բայց կիսատ է մնացել: Դասասենյակների դիրքը սխալ է, արևի երես չենք տեսել, չենք էլ տեսնի, քանի որ դասասենյակները հակառակ կողմում են արել: Դպրոցում զուգարան չունենք, ջուր չունենք: Մեր զուգարանը դրսում է, որը գտնվում է շատ վատ վիճակում, խոստացել են պետության կողմից վերանորոգել»,- նշեց դպրոցի տնօրենը:
30 տարվա մեջ այս դպրոցում հիմնովին վերանորոգման աշխատանքներ չեն իրականցվել: Մի քանի տարի առաջ պետության միջոցներով միայն շենքի ուսումնական մասի կտուրն է փոխվել: Ինչպես նաև դպրոցը սեփական բյուջեի միջոցներով վերանորոգել է երկու հարկի միջանցքները:
Արագվայի ներկայիս դպրոցը նախկինում ունեցել է, բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք միջնակարգ կրթություն ստանալու համար: Սակայն սովետական կարգերի փլուզումից հետո, այստեղ ևս ամեն ինչ «փլուզվում է»:
«Դպրոց եմ մտել 1999-ին, ոչ մի բան չեմ տեսել, միայն պատերն են եղել, մեկ էլ սեղան-աթոռ: Ամեն ինչ թալանել են: Հոյակապ ճաշարան ենք ունեցել, արհեստանոց ամեն հարմարություններով, քիմիայի, ֆիզիկայի կաբինետ, միայն գրադարանն է պահպանվել: Այսօր սպորտ դահլիճ ունենք, բայց մարզագույք չունենք, դատարկ պատերն են: Տեր տիրական չի եղել, մի խոսքով Չինգիզ խանը եկել անցել է մեր դպրոցի վրայով»- պատմեց դպրոցի տնօրեն Անդրեաս Աբդոյանը:
Դպրոցն իր լավագույն տարիներին մինչև 450 աշակերտ է ունեցել, իսկ այսօր ընդամենը՝ 106: Աշակերտները ապահովված են հիմնական առարկաների դասագրքերով, բացի մայրենիից և մեթոդական գրականությունից: Վերջին անգամ բոլոր դասարանների համար հայոց լեզվի և գրականության դասագրքեր դպրոցն ստացել է 2007 թվականին: 2009-ին, 2011-ին, 2012-ին ևս որոշ դասարանների համար մի քանի կտոր դասագիրք ստացել են:
«Շատ ցավալի է տարրական դասարանի մայրենիի դասագրքերի վիճակը: Երեք տարի է առհասարակ նոր գրքի երես չենք տեսել: Մեզ ժառանգություն է հասել հին դասագրքեր, որոնք անհնար է նույնիսկ օգտագործել»,- դժգոհում է տնօրենը:
Հայոց լեզվի և գրականության մասնագետը դժգոհում է ոչ միայն դասագիրք, այլև լրացուցիչ և մեթոդական գրականություն չունեն:
«Մեթոդական գրականության կարիք շատ ունենք, դա պահելու բան չէ: Ես կարող եմ ասել, որ մեր դպրոցում առհասարակ մեթոդական գրականության չկա: Ընդամենը մի քանի հատ ձեռնակ ունենք: Հայոց լեզուն աչկաթող է արվում: Հայերենից քննություն չկա, բայց ժամանակին կար, ի՞նչն է փոխվել, այս դպրոցը նույն հայկական դպրոցն է»,- բացատրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին:
Աղունիկ Այվազյան