Երկլեզու կրթական ծրագրի կարևորությունը հատկապես Ջավախքում շատ է: Շրջանից քիչ չեն այն ուսանողների թիվը, ովքեր ընտրում են հենց երկլեզու ուսուցչի մասնագիտոթյունը: Կրթական այս ծրագրի նպատակն է պատրաստել տարրական դպրոցի առարկայական խմբի ուսուցիչ, ով գերազանց տիրապետում է I-VI դասարանների մայրենի լեզվին (հայերեն/ադրբեջաներեն), վրացերենին՝ որպես երկրորդ լեզու, մաթեմատիկա, բնագիտություն և հասարակագիտություն առարկաներին:
Jnews-ը զրուցել է ապագա ուսուցիչների հետ, ովքեր պատմում են իրենց կատարած ընտրության, մասնագիտության կարևորության և հանդիպած դժվարությունների մասին:
Նինոծմինդայի շրջանի Սպասովկա գյուղից Կատյա Անանիկյանը սովորում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում, հոգեբանության և կրթական գիտությունների ֆակուլտետի բազմալեզու կրթության երրորդ կուրսում: Պատմում է՝ ինչպես Ջավախքի յուրաքանչյուր գյուղում, իրենց գյուղում ևս եղել են լեզվական բարիերներ, չնայած նրան, որ գյուղում և հայեր են ապրում և վրացիներ: Կատյան հիշում է, որ վրացի հարևանը իր հետ խոսել է, իսկ նա ոչինչ չի հասկացել: Նմանօրինակ դեպքերի հանրագումարում էլ մեր զրուցակիցը որոշում և իր առաջ նպատակ է դնում ամեն կերպ լուծել լեզվական խնդիրները:
– «Իմ որոշումը այդքան էլ պլանավորված չէր, քանի որ ես ավելի շատ ցանկանում էի ընդունվել վրացերենի լեզվաբանության բաժին, բայց մեկ տարի նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո, երբ պետք է արդեն ընտրեի, թե որ բաժնում եմ շարունկելու, այդ ժամանկ լսեցի, որ մեր համալսարանում կա նոր բաժին, որտեղ հնարավոր է սովորելուց հետո դառնալ երկլեզու ուսուցիչ հենց տարրական դասարանների համար: Ես հասկացա, որ դա այն է, ինչ ես իրականում փնտրում էի, քանի որ շատ էի ցանկանում հենց երեխաների հետ աշխատել և հենց փոքր տարիքից տալ այն կրթությունը, որը հետագայում նրանց պետք է գալու որպես հիմք և իմ նպատակներից մեկն էլ այն է, որ երեխաների մեջ մոտիվացիա և սեր առաջացնեմ պետական լեզվի հանդեպ»:
Կատյան պատմում է, որ տարբեր գյուղերում թրեյնինգներ է անցկացրել և գյուղերում հանդիպել է երեխաների, ովքեր անգամ տարրական բաներ չգիտեն և չեն էլ ուզում իմանալ՝ մտածելով, որ վրացերենի իմացությունը նրանց հետագայում պետք չի գալու:
Նա հիշել է իրեն այդ տարիքում և այն բոլոր դժվարությունները, որոնք ստիպված է եղել հաղթահարել այդպես մտածելու պատճառով: Այսօր արդեն պայքարում է երեխաների շրջանում արմատացած սխալ կարծիքների դեմ:
– «Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, բայց վստահ եմ, որ ապագայում կաշխատեմ իմ մասնագիտությամբ և կկարողանամ իմ ներդրումն ունենալ սերունդների դաստիարակման գործում»:
Անի Ավետիսյանը ևս ընտրել է երկլեզու ուսուցչի մասնագիտությունը: Նա Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղից է: Սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում։
– «Ես փոքրուց արդեն ընտրել էի իմ մասնագիտությունը, ուզում էի ուսուցչուհի դառնալ, քանի որ իմ մեջ միշտ եղել է ցանկություն մյուսներին սովորացնելու այն, ինչ ես եմ սովորելու տարիների ընթացքում։ Գնացի նպատակիս հետևից և այսօր սովորում եմ հոգեբանության և կրթական գիտությունների ֆակուլտետի բազմալեզու կրթության երրորդ կուրսում»:
Անին պատմում է, որ իր գյուղի դպրոցում աշակերտները քիչ թե շատ տիրապետում են վրաց լեզվին, քանի որ շփում ունեն վրացի երեխաների հետ: Կարծում է, որ իր շրջանում երկլեզու մասնագետների պակաս կա, բնակչության մեծ մասը չի տիրապետում վրաց լեզվին և դրա պատճառը՝ ոչ որակյալ կրթությունն է։
– «Երբ ընտրեցի այս բաժինը, ծնողներս ու շրջապատս նույնպես կողմ էին, քանի որ նրանք նույնպես ինձ տեսնում էին այս մասնագիտության մեջ։ Մեր բաժնում սովորող բավականաչափ հայեր կան, ինչի համար ես շատ ուրախ եմ, քանի որ ապագայում մեզ պետք են բարձրագույն կրթությունով ուսուցիչներ: Կարող եմ ասել, որ ովորելու ընթացքում դժվարությունները շատ-շատ են՝ լեզվական բարիեր, ինտեգրում և այլն: Ավարտելուց հետո անպայման վերադառնալու եմ, և փորձելու եմ լուծել այն խնդիրները, որոնք կան»:
Ապագա մասնագիտությունն Անիի համար շատ կարևոր դեր է խաղում իմ կյանքում, քանի որ նպատակները և երազանքները կապված են հենց դրա հետ և համոզված է, որ երկլեզու ուսուցչի մասնագիտությունը շատ պահանջված և արդիական է։
Իսկ Շիրազ Չախոյանը, ով Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղից է, և նախնական կրթությունն էլ ստացել է գյուղի հանրային դպրոցում, նույնպես ընտրել է երկլեզու ուսուցչի մասնագիտությունը: Ուսումն ավարտելուն պես Շիրազը վստահաբար որոշել է՝ վերադառնալու է հետ՝ Ջավախք:
-«Դժվարությունները շատ են, թե լեզվի հետ կապված և թե ֆինանսական առումով, բայց իմ կարծիքով, մեր մասնագիտությունը ամենալավ ու ամենակարևորներից մեկն է եղել և շարունակում է մնալ: Իհարկե կարծրատիպեր կան տղա ուսուցիչ լինելու հետ կապված, բայց կարծում եմ, որ այդ կարծրատիպերը ինքներս պետք է վերացնենք, քանի որ մասնագիտություն ստանալիս ուշադրություն պետք է դարձնել ոչ թե սեռին, այլ նրան որ իր գործում մարդը լինի որակյալ մասնագետ, նվիրված իր գործին՝ կապ չունի նա ուսուցիչ կլինի, հողագործ, թե շինարար:
Երիտասարդները նշում են՝ մանկահասաակ երեխաների հետ աշխատելն ահռելի մեծ պատասխանատվություն և մասնագիտական հմտություններ է պահանջում, իսկ թերացման դեպքում հետևանքներն անդառնալի և դրա գիտակցումը ստիպեցնում է նրանց ամեն բան անել ապագայում որակյալ մասնագետներ դառնալու համար:
Jnews-ը զրուցել է նաև ԹՊՀ Հոգեբանության և մանկավարժության, և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների դասախոս Զոյա Մխիթարյանի հետ, ում կարծիքով երկլեզու կրթության ծրագրի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի երիտասարդները հեշտությամբ հաղթահարեն լեզվական արգելքը, և նրանք, որպես չափահաս մարդիկ, իրենց ընտրությունը կատարելիս գիտակցելէ, որ որոշակի դժվարություններ պետք է հաղթահարեն։ Չէ՞ որ նրանք դառնալու են վրաց լեզվի և գրականության և հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ։
Տիկին Մխիթարյանը նշում է, որ տարբեր դասախոսներ տարբեր մոտեցումներ են կիրառում, և այստեղ դասավանդող գրեթե բոլոր մանկավարժներն ամեն ինչ անում են նրա համար, որ կրթական համակարգը համալրվի երկու լեզուներին՝ հայերենին և վրացերենին, պատշաճ մակարդակով տիրապետող հայ մանկավարժներով։
Զոյա Մխիթարյանը նրանց հայոց լեզու է դասավանդում, ինչպես նաև լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկա։ Հայերենը նրանց մայրենին է, և իրենց առջև դրված ցանկացած խնդիր նրա կարծիքով ուսանողները հաղթահարում են՝ առավել կամ պակաս չափով։
– «Տվյալ մասնագիտության ուսանողները պետք է լինեն այսօրվա կրթական համակարգի դեսպանները դպրոցներում, նրանք են, որ առաջին հերթին պետք է լրացնեն վրացերենի և հայերենի ուսուցիչների պակասը դպրոցներում, որովհետև նրանք համալսարանում ուսումնառության ընթացքում, բացի դասավանդվող առարկաներից, խորը ուսումնասիրում են թե՛ Վրաստանի Ազգային ուսումնական պլանը, թե՛ պլանում կատարված փոփոխությունները, ծանոթանում են մեթոդական բոլոր նորություններին, դասի պլան և մատրիցաներ կազմելու Կրթության նախարարության պահանջներին և բազմաթիվ նորամուծությունների, որոնք, ցավոք, տարբեր պատճառներով այսօր գործող ոչ բոլոր ուսուցիչներին են ծանոթ»։
Որպես բազմամյա փորձ և վաստակ ունեցող մանկավարժ, Զոյա Մխիթարյանը հորդորում է դպրոցների տնօրեններին և հոգաբարձուների խորհուրդներին, հնարավորություն ունենալուն պես, աշխատանքի ընդունել նոր սերնդի մանկավարժներին։ Գուցե նրանք չունեն աշխատանքային փորձ (բայց չէ՞ որ այն ձեռք են բերում աշխատանքի ընթացքում), սակայն համոզված է, որ այս թարմ ուժը և՛ բազմամյա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների, և՛ աշակերտների համար թարմություն և նոր էներգիա կլինի։
– «Ինձ լուրեր են հասել, որ մեր լավագույն ուսանողներից մեկին ինչ-ինչ պատճառաբանություններով չեն ընդունել աշխատանքի։ Կարծում եմ, դա ճիշտ մոտեցում չէ, պետք է ճանապարհ տալ երիտասարդ սերնդին․ նրանք կարդարացնեն ձեր սպասելիքները»,- եզրափակում է Զոյա Մխիթարյանը: