Երկու տարի առաջ Նինոծմինդայում հիմնանորոգված թիվ 1 դպրոցում նորից շինաշխատանքներ են տարվում:
2020 թվականին Վրաստանի Տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման համար: Մրցույթը հաղթել էր «Ամխանագոբա արպի ջգուփի» ընկերությունը՝ 2 780 000 լարիով:
Հիմնանորոգումից ընդամենը երկու տարի անց շենքի պատուհանների մոտ ճաքեր են առաջացել, թափվում է նաև դիմային հատվածի սվաղը:
Ընկերությունը, որն իրականացրել է վերանորոգման աշխատանքները, հիմա վերացնում է թերությունները։
«Այս ամսի վերջ աշխատանքները կավարտենք։ Աշխատանքները մտնում են երաշխիքային ժամկետի մեջ։ Քանի որ մենք անցած տարի շենքի արտաքին հարդարումը ժամկետների մեջ մտնելու համար, կատարեցինք այն ժամանակ, երբ արդեն ցրտերն սկսվել էին, այդ պատճառով էլ սվաղը թափվեց: Մենք պատասխանատու ենք և վերանորոգում ենք», – Jnews-ին ասաց «Ամխանագոբա արպի ջգուփի» ներկայացուցիչ Վլադիմեր Գագուան։
Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի տնօրեն Դիանա Թումասյանը Jnews-ին ասաց, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են դասերից հետո, որպեսզի դասապրոցեսին չխանգարեն։ Հիմա ընթանում է շենքի հետնամասի նորոգման աշխատանքները։