Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Իշխանություններին ու ընդդիմությանը մինչ այժմ չի հաջողվել փոխզիջման գալ: Երկու քաղաքական ուժերն էլ այսօր ծրագրում են լայնամասշտաբ հանրահավաքներ անցկացնել Երեւանում:
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի համանուն խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ներկայիս քաղաքական ճգնաժամից ելք՝ անցկացնելով արտահերթ ընտրություններ:
Կիրակի երեկոյան՝ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ, Մարուքյանն առաջարկել էր, որ Փաշինյանը հետ կանչի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու իր միջնորդագիրը, որից հետո «Լուսավոր Հայաստանը» հուշագիր կստորագրի իշխանությունների հետ՝ նշելով, որ խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին:
Դրանից հետո, ըստ Մարուքյանի, Փաշինյանը կկարողանա հրաժարական տալ, որին կհետևի «առանց ցնցումների» խորհրդարանի լուծարումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Ի պատասխան այս առաջարկին՝ իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների միայն Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունից հետո:
Փաշինյանի և Պուտինի վերջերս կայացած զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը հանգել է այն եզրակացության, որ ինքն ապատեղեկացվել է «Իսկանդերի» մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Բնականաբար, նախագահն ու վարչապետն անդրադարձել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Տարածված մյուս տեղեկատվությունը բացարձակ սուտ է և առանց այդ էլ լարված իրավիճակը սրելու փորձ», – ասված է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:
Նախագահի վարչակազմը մեկ անգամ ևս կոչ է արել «զերծ մնալ սադրիչ և կեղծ տեղեկատվության տարածումից», միևնույն ժամանակ կրկնելով, որ «Հանրապետության Նախագահը առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ՝ համապետական ու ազգային շահերից ելնելով և գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում»:
ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Զինված ուժերը քաղաքական գործընթացներում ներգրավելու բոլոր փորձերը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է բավարարել Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդագիրը և ստորագրել համապատասխան հրամանագիրը: