Մարտի 19-ին թեստավորման արդյունքներով Հայաստանում հայնտաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 7 դեպք: Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 122-ի։ Այս թվի մեջ է ներառված նաև արդեն առողջացած և հիվանդանոցից դուրս գրված առաջին պացիենտը։

Երկրի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ 122 դեպքերից մեկն «արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում»։

«Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան», – գրել է նախարարը։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ արձանագրված 99 դեպքը «փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ»:

Խոսքը գնում է վարակի երկու աղբյուրների՝ Էջմիածնի և կարի արտադրամասի մասին։ Էջմիածնում կորոնավիրուսը տարածվել էր կնոջից, որը վերադարձել էր Իտալիայից և չէր ինքնամեկուսացել՝ չնայած ջերմությանը։ Շենգավիթում գտնվող արտադրամասի դեպքի վերաբերյալ որոշ տեղեկություններ է արդեն հայտնել Հայաստանի վարչապետը։ Արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ, և այնտեղ իտալացի ինստրուկտոր է ժամանել, ջերմիջեցնող դեղեր խմել և թաքցրել իր առողջական վիճակը, ապա հեռացել Հայաստանից։

Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ բոլոր հիվանդների առողջական վիճակը բավարար է գնահատվում:

Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16–ից՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այն գործելու է մինչև 2020 թ–ի ապրիլի 14–ը։

Մի շարք սահմանափակումներ են ընդունվել, այդ թվում՝ երկիրը լքելու վերաբերյալ։ Եկեղեցին էլ դադարեցնում է արարողությունները՝ հավատացյալների մասնակցությամբ:

Արգելքները․

1. Դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ մարզական, երաժշտական դպրոցներում, նաև մանկապարտեզներում հետաձգվում են։

2. Սրճարանների և ռեստորանների, ինչպես նաև առևտրի կենտրոնների աշխատանքն արգելվում է։

3. Արգելվում են նաև հանրահավաքները, զանգվածային հավաքներն ու գործադուլները։

4. Արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումն, անցկացումն ու դրանց մասնակցելը։

5. Արգելքի տակ կլինեն ավելի քան 20 հոգու մասնակցությամբ միջոցառումներն, այդ թվում՝ կրոնական ծեսերը, համերգները, ցուցահանդեսները, տոնական միջոցառումները։ Տարեդարձները, հարսանիքներն ու թաղումները, որոնց պետք է մասնակցի ավելի քան 20 մարդ, կարող են անցկացվել միայն պարետի թույլատրած վայրերում։

6. Արգելվում է նաև ծանրոցների փոխանցումը զորամասեր և բանտեր։

7. Առաջին անհրաժեշտության ապրանքի արտահանումն իրականացվելու է էկոնոմիկայի և առողջապահության նախարարների վերահսկողությամբ։ Ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման համար հարկ կլինի լրացուցիչ ստանալ առողջապահության և էկոնոմիկայի նախարարների համաձայնությունը։

8. Արտասահմանցիները՝ այն երկրներից, որտեղ կորոնավիրուսը շատ է տարածված, Հայաստան այցելել չեն կարող։

9. Հայաստանի քաղաքացիները չեն կարող լքել երկիրը ցամաքային ճանապարհով։

Սակայն Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ։ Հայաստանի քաղաքացու ընտանիքի բոլոր անդամները կարող են Հայաստան վերադառնալ՝ անկախ նրանց քաղաքացիությունից։

Արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար կարող են հսկիչ անցակետեր սահմանվել, որտեղ բժիշկները կզննեն մարդկանց։

Արտակարգ դրության պայմաններում հայկական լրատվամիջոցներին թույլատրվում է տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, որը կտրամադրվի պարետատան կողմից։ Տեղական լրատվամիջոցներին արգելվում է հրապարակել լուրեր, որոնք կարող են խուճապ առաջացնել։