Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը դիմել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունների վերաբերյալ: Նա կոչ է անում դատապարտել և համապատասխան գնահատական տալ պատգամավորների ռազմատենչ հայտարարություններին:

Արդեն երրորդ օրն է՝ Ղարաբաղում կրակոցներ են, կան զոհեր։ Ռազմական գործողություններն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակվում են:

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորները ֆեյսբուքյան էջերում հանդես եկան հայտարարություններով, որտեղ իրենց լիակատար աջակցություն են հայտնում Ադրբեջանին: JNEWS-ն Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահից հետաքրքրվեց, թե ի՞նչպիսին է իրենց արձագանքը:

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ, «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի կուսակցական ղեկավար Նաիրի Իրիցյանն ասաց, որ ինքն արդեն նամակով դիմել է իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին:

«Արցախա-ադրբեջանական շփման գծի երկյանքով ընթացող պատերազմական գործողությունների վերսկսման պայմաններում, երբ բացի ռազմական նշանակության ենթակառուցվածքներից թիրախավորված է նաև խաղաղ բնակչությունը, անթույլատրելի և դատապարտելի են Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժումից» Ազեր Սուլեյմանովի և «Վրացական երազանքից» Ռուսլան Գաջիևի ռազմամոլական հայտարարությունները:

Վրաստանը, լինելով բազմազգ երկիր, միշտ վարել է ճիշտ և կշռադատված քաղաքականություն հանդուրժողականության և իրավահավասարության տեսակետից: Մենք պիտի առավելագույնս պաշտպանենք կոռեկտության չափն ու հանդուրժողականության սկզբունքը: Երրորդ երկրները պետք է նպաստեն տարածաշրջանում կայունությանը»,- իր նամակում գրել է Նաիրի Իրիցյանը:

Վերջինս Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարին խնդրում է միջամտել և դատապարտել «Վրացական երազանքի» պատգամավորի ռազմատենչ հայտարարությունը, համապատասխան քայլեր ձեռնարկել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղիի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում 84 զոհ կա, մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով: