Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկաներին հայտնել է, որ առաջիկա մի քանի օրը ամենավճռականն են լինելու։
«2018 թ-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, մինչդեռ ժողովուրդը ծափահարում էր: Գեներալ անունը հայհոյանք էր դարձել արդեն: Մենք դրա արդյունքը տեսանք պատերազմի ընթացքում: Հիմա կատարվում է երկրորդ քայլը: Տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, հիմա նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է»,- ասել է Մանուկյանը:
Նա նշել է, որ Նիկոլը քայլ արեց, բանակն էլ իր քայլն արեց և ասաց, որ Նիկոլին չի ընդունում:
«Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն: Հիմա ի՞նչ կարող է լինել։ Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ: Դա նշանակում է, որ իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետև ինքը պարտվեց: Իսկ եթե հաղթի, այսինքն՝ կարողանա սահմանադրական դատարանի կամ նախագահի միջոցով հանել Օնիկ Գասպարյանին, դրանից հետո բնական է, որ բանակը պետք է ոտքի կանգնի: Եվ այդ ժամանակ Հայաստանի ամենավճռական օրերն են սկսվում»,- ընդգծել է նա։
Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, ապա կկանգնեցնեն:
«Մենք շատ գործ ունենք անելու՝ շրջաններ գնալ և այլն։ Բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը։ Երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի պարտությունը: Երկրորդ դեպքում՝ եթե մեզ ու բանակին միանում է ամբողջ ժողովուրդը: Դրա համար պետք է ամուր կանգնել, պետք է լինել համբերատար և պատրաստվել վճռական գործողությունների»,- նշել է Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ վճռական օրերն առջևում են։
Աղբյուրը՝ Panorama.am