ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո կատարել հայտարարություններ:
Հայաստանի այցի մեկնարկին բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ հպարտ է գալ Երևան Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո:
Ծիծեռնակաբերդում Փելոսիին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ ու կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
Այս այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, Երևանում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք` Կոնգրեսի անունից», – ասաց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարություններ անելիս:
Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, հիշեցրեց Նենսի Փելոսին` հավելելով. «Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»: