Նոյեմբերի 8-ին, Արցախում զոհվել է արմատներով Ջավախքի Փոքր Սամսար գյուղից 18-ամյա Հարություն Հարությունյանը:
Նոյեմբերի 8-ին, Շուշիի համար մղվող մարտերում թշնամու մահաբեր արկից ընկավ Հարություն Հարությունյանը։
Ախալքալաքի շրջանի Սամսար գյուղի մուտքին սև ժապավենի վրա գրված է՝ «ՀԱՐՈՒԹ 18 – ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ»:
Նա ծնվել էր 2002 թվականի հունվարի 7-ին Վանաձոր քաղաքում, սովորել է Վանաձորի պետական բժշկական քոլեջում, իսկ 2020 թվականի օգոստոս ամսին զորակոչվել Արցախի ՊԲ, ծառայում էր Մատաղիսում: Պատերազմի առաջին օրվանից Հարությունը մասնակցում էր պատերազմական գործողություններին։
Հարությունին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ։ Հոկտեմբեր ամսին, մարտական գործողությունների ընթացքում շրջափակման մեջ ընկնելուց հետո հակառակորդի թիկունքից մեծ քանակությամբ զենք իր հետ դիրքեր վերադարձնելու համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։