Միայն քաղաքական հետապնդումների ավարտը և նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը կարող է լուծել Վրաստանի քաղաքական ճգնաժամը և գործընթացը վերադարձնել խաղաղ հունին: Այս մասին ասվում է ընդդիմադիր շուրջ երկու տասնյակ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որն այսօր ներկայացվել է Թբիլիսիի կենտրոնում անցկացված բողոքի լայնամասշտաբ ակցիայի ժամանակ:
Այսօրվա «Ազատության քայլերթը» ծրագրվել էր Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկանոր Մելիայի ձերբակալությունից հետո: Նրա ձերբակալությունը վերջնականապես սրեց քաղաքական ճգնաժամը, որը երկրում սկսվել էր 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:
«Այս ճգնաժամը մեղմելու և գործընթացը խաղաղ հունին վերադարձնելու համար անհրաժեշտ է վերջ տալ քաղաքական հետապնդումներին և ազատ արձակել Նիկա Մելիային և Գիորգի Ռուրուային: Անհրաժեշտ է նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ` համաձայն այն համակարգի և կանոնների, որոնք ամրագրված են ընդդիմության ընդհանուր առաջարկներում, որոնք մշակվել են բանակցությունների ընթացքում», – ասված է «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Բադրի Ջափարիձեի կողմից դիմումում, որը նա կարդացել է հանրահավաքի ժամանակ:
Իշխանության ընդդիմախոսները չեն կասկածում, որ «Վրացական երազանքը» զիջումների կգնա, երբ տեսնի ժողովրդի «խաղաղ իրավական ուժը»:
«Սա պահանջում է խաղաղ, անզիջում, սուր, շարունակական և համապարփակ բողոքի ցույց Վրաստանում, ինչպես նաև ազատ աշխարհի կողմից վրաց ժողովրդի աջակցությունը», – հավելել է Ջափարիձեն:
Իրենց ուղերձում ընդդիմության առաջնորդները շնորհակալություն են հայտնում նաև իրենց գործընկերներին Եվրոպայից և ԱՄՆ-ից՝ վրացական հասարակությանը աջակցելու համար:
«Այսօր մենք ականատես ենք լինում «Վրացական երազանքի» դեմ ուղղված ազատ աշխարհի բողոքի տեղատարափին: Մինչ այժմ Արեւմուտքից չեն եղել Իվանիշվիլիի ռեժիմի վերաբերյալ այդպիսի մասշտաբային ու հստակ գնահատականներ: Շնորհակալություն Վրաստանի ընկերներին աջակցության համար», – ասվում է մանիֆեստում:
Այսօրվա ակցիայի ժամանակ քաղաքական գործիչները ներկայացրել են նաև գործողությունների ծրագիր՝ հայտարարելով երկշաբաթյա բողոքի ակցիաներ և տարբեր պետական կառույցների արգելափակում: Ընդդիմության առաջնորդները նախազգուշացնում են, որ հանրահավաքները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև չնշանակվեն արտահերթ ընտրությունները և ազատ չարձակվեն Նիկա Մելիան և մյուս բոլոր քաղբանտարկյալները:
Հիշեցնենք, որ Նիկա Մելիան ձերբակալվել էր փետրվարի 23-ին՝ «ՄԱՇ»-ի շտաբ-գրասենյակ ոստիկանության ներխուժումից հետո: Մի քանի ժամ անց ընդդիմությունը հայտարարել էր փողոցային ցույցեր սկսելու մասին:
Մելիայի ձերբակալումը լայն արձագանք առաջացրեց միջազգային հանրության շրջանում: Վրաստանի գրեթե բոլոր արևմտյան գործընկերները և միջազգային կազմակերպություններն իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ են անում: Երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում նստել բանակցային սեղանի շուրջ, բայց մինչ այժմ դա տեղի չի ունեցել: