Հայաստանի իշխանությունների և ընդդիմության այսօրվա հանրահավաքների արդյունքում, որոնք սկսվել էին ընդամենը մեկ ժամ տարբերությամբ, հայտարարություններ են արվել Երևանում տիրող իրավիճակի և հետագա քայլերի վերաբերյալ:
Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթ էր անցկացնում, ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում սկսվեց ժամը 15:00-ին: Ընդդիմության առաջնորդները և ոչ միայն ելույթներ էին ունենում՝ անընդհատ վանկարկելով «առանց թուրքի Հայաստան, «առանց Նիկոլ Հայաստան» և «ժողովուրդը բանակի կողքին է»:
Ելույթներից հետո ընդդիմությունը հավաքվեց խորհրդարանի շենքի մոտ և հայտարարեց Բաղրամյան պողոտան փակելու մասին, որտեղ գտնվում է խորհրդարանը: Ցուցարարները վրաններ են տեղադրում և պատրաստվում են մնալ այնքան ժամանակ, մինչ իշխանությունները կկատարեն իրենց պահանջները: Իսկ ընդդիմության պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:
«Մենք բարիկադներ կկառուցենք, կսպասենք խորհրդարանի որոշմանը: Պետք է ստիպել պատգամավորներին գալ խորհրդարան ու կողմ քվեարկել Փաշինյանի հեռանալուն: Պատրաստ եղեք», – հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ հավելելով. «Մենք Փաշինյանին համարում ենք դավաճան ու թշնամի: Մենք կարող ենք միայն քննարկել նրա հետ նրա իշխանաթողությունը»:
Վարչապետին աջակցությամ հանրահավաքը, որը կազմակերպել էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնարկել էր Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ին:
«Որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին` պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով` Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականությամբ պահպանմամբ, սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև հավելել է, որ ինքը որոշում է կայացրել, որ կա՛մ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը, կա՛մ՝ Գասպարյանն անձամբ պետք է հրաժարական տա:
Նշենք, որ Հայաստանի նախագահը վարչապետից առաջարկ էր ստացել` Օնիկ Գասպարյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին, սակայն նա համապատասխան հրամանագիրը դեռ չի ստորագրել:
Հանրահավաքի ընթացքում Փաշինյանը նաև առաջարկել է, որ բոլոր քաղաքական ուժերին, նույնիսկ նրանց, ովքեր կտրուկ քննադատում են իրեն, սկսեն խորհրդակցություններ իրավիճակի կարգավորման շուրջ, ինչպես նաև ակնարկել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին: Այնուամենայնիվ, նա այլևս չի բարձրաձայնել այս գաղափարը՝ առաջին շարքերից լսելով մասնակիցների դժգոհությունը:
Նշենք, որ երկուսն էլ մարդաշատ, բազմահազարանոց հանրահավաքներ էին:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին, Հայաստանի հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջել է կառավարության և վարչապետի հրաժարականը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ» և կոչ արել իր կողմնակիցներին հավաքվել Երևանի գլխավոր հրապարակում: