Եթե Դուք երբևէ նինոծմինդացի դիզայներ Արմինե Ստամբոլցյանից որպես նվեր ստանաք զարդ, ապա դա կլինի հետաքրքիր, գեղեցիկ ձևավորմամբ և յուրահատուկ տուփի մեջ, որում առկա է «Piece of art for you» (Մի կտոր արվեստ Ձեզ համար) գրությունը:

Ջավախահայերից շատերն իրենց ծննդավայրից հեռու են գտնում: Չունենալով աջակցություն և զարգացման հնարավորություններ, նրանք հեռանում են տարբեր տեղեր: Ինչ-որ մեկն ընտրում է Եվրոպան, երկրորդը՝ Միացյալ Նահանգները, մյուսը՝ Ռուսաստանը, իսկ ոմանք էլ իրենց գտնում են Երևանում՝ իրենց պատմական հայրենիքում: Արմինե Ստամբոլցյանը ինքնուս դիզայներ է, ով ստեղծում է հետաքրքիր, գունագեղ զարդեր: Բացի այդ, նա խթանում է իր հեղինակային գործերը՝ բրենդինգի և շուկայավարման միջոցով:

Armins1

Սկիզբ

Ամուսինս նկարիչ է, բայց ես՝ ոչ: Ես մասնագիտությամբ թարգմանիչ, լեզվաբան և մարկետոլոգ եմ: Չնայած մանկուց սիրում էի դիզայնը, կերպարվեստը: Նինոծմինդայում մեզ համար այդ հնարավորությունը չկար, թեպետ ես նկարում էի, յուղաներկեր ունեի, բայց գեղարվեստի դպրոց գնալու հնարավորություն չկար: Եթե լիներ այդպիսի հնարավորություն, ես երաժշտական դպրոցից զատ անպայման կգնայի նաև գեղարվեստի դպրոց:

Այս ամենով զբաղվելու գաղափարը ծագեց 2016 թվականին, տեսա, որ ամուսինս հաճույքով է նկարում, ուստի ինձ մոտ էլ գաղափար առաջացավ փորձելու՝ կկարողանամ նկարել, թե՞ ոչ: Արդյունքում հասկացա, որ կարող եմ: Մտածում էի, թե ինչ անեմ, որը մինչ այդ ոչ ոք չէր արել: Ես ուզում էի ստեղծել մի արտադրանք, որը եզակի, առանձնահատուկ կլիներ: Հենց այդպես էլ ծագեց յուղաներկերով կտավի վրա զարդեր ստեղծելու միտքը: Դրանից հետո ես սկսեցի զբաղվել պոլիմերային կավով: Միտքն առաջացավ 2016-ին, սակայն սկսեցի դրանով զբաղվել արդեն մեկ տարի անց:

Armins2

«ԱՐՄԻՆՍ» զարդերը

Իմ ոճն ունի աբստրակցիոնիզմի և մանրանկարչության երանգներ, սա մի այլ ուղղություն է: Նկարների մի մասը, որոնք իմ զարդերի վրա են, իմն են, մյուս մասը՝ նկարված են իմ ամուսնու կողմից: Ես աշխատում եմ պոլիմերային կավով՝ բրոնզի վրա և ռոդիումի ծածկույթով պողպատի վրա, այս ծածկույթը թույլ է տալիս, որպեսզի ձեռագործ զարդը չկորցնի իր գույնը կամ չժանգոտի: Պոլիմերային կավով կաղապարների վրա խառնում ես գույները և հատուկ տեխնիկայի օգնությամբ ստանում նկարներ, դրանց նման երկրորդները չեն լինում, նույնիսկ մեկ զույգ ականջողերը տարբեր զարդապատկերներով են ստացվում: Մյուս տեխնիկան էլ ծաղկայինն է, որը ես իսկապես սիրում եմ անել, այս տեխնիկան հնարավոր է կրկնել, բայց իմ աշխատանքները տարբերվում են նրանով, որ ես երկրորդ անգամ նույն աշխատանքը չեմ կրկնում՝ չէ որ սա հեղինակային աշխատանք է:

Armins

Ինչպես ստեղծել սեփական ապրանքանիշը

Ինձ համոզում էին վաճառել զարդերը, որոնք ես ստեղծում էի, բայց ես ասացի, որ մինչև չանեմ բրենդավորում և ապրանքանիշի փաթեթավորում՝ տարբերանշանով ու իմաստով, չեմ վաճառելու: Ես ուզում էի լուրջ ապրանքանիշ ստեղծել, այլ ոչ թե պարզապես մանր զարդարանքներ պատրաստել: Սկսեցի աշխատել տարբերանշանի վրա, ուսումնասիրեցի գրաֆիկական դիզայն, տարբերանշանը ստեղծեցի ինքնուրույն, ինչպես նաև այցեքարտերը, զարդատուփիկները և փաթեթավորումը:

Ապրանքանիշի անվան ընտրությունը բարդ գործընթաց էր: 4 ամիս ես մտածում էի անվանումը, բոլորը ծիծաղում էին դրա վրա: Եվ ինձ բոլոր կողմերից դրդում էին՝ «դե՛ շուտ արա, վաճառի՛ր»: Շատ տարբերակներ կային, օրինակ. Հայաստանի հետ կապված ինչ-որ բան, հետո ես ուզում էի կապ ունենար իմ անվան հետ: Վերջում մտածեցի, որ ինչ-որ հեշտ բան պետք է լինի, իմ անունը Արմինե է, իսկ ազգանվանս սկզբնատառը Ստամբոլցյան՝ ստացվեց «ԱրմինՍ»:

Armins 5

Էջերը բացելուց հետո, մեկ տարի անց սկսեցի կոնկրետ զբաղվել դրանով: Երբ արդեն տեղադրեցի իմ աշխատանքների նկարները, դա մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այստեղ շատ քչերն են զբաղվում պոլիմերային կավով, և ոչ ոք յուղաներկով կտավներ չի անում: Ես ինքս եմ նաև անում իմ զարդերի լուսանկարները: Կարելի է ասել, որ ես նաև սիրողական լուսանկարիչ եմ: Նույնիսկ իմ հարազատներից շատերը չգիտեն, որ զբաղվում եմ զարդեր պատրաստելով, չնայած որ արդեն 4 տարի է՝ ինչ զբաղվում եմ այս գործով: Ինձ այդքան էլ դուր չի գալիս, որ խոսում են իմ մասին և միշտ խուսափել եմ դրանից: Գրեթե 3 տարի ես դեմքս թաքցրել եմ՝ որպես հեղինակ: Բայց ինչ-որ կերպ ես լուսանկար տեղադրեցի, և դա շատ մեծ գրավչություն առաջացրեց, դա օգտակար էր շուկայավարման համար:

Armins 4

Մրցակցություն

Երբ ես սկսեցի իմ զարդերը տեղադրել Ֆեյսբուքում և գովազդել սոցիալական ցանցերում, որոնք ուղղված էին այլ երկրների կողմ, երկու հոգի սկսեցին ինձ պատճենել, որոնցից մեկը շատ հայտնի դիզայներ է Հայաստանից, իսկ մյուսը՝ ԱՄՆ-ից: Նրանց մոտ գուցե և առաջացել էր նույն գաղափարը, բայց ես դրանում վստահ չեմ: Ցավալի է, բայց ես չհասցրեցի իրավունքներս հավաստագրել:

Armins 9

Ցուցահանդեսներն ու խնդիրները

Հիմնականում իմ էջը տեսել են սոցիալական ցանցերում, տեսել են զարդերը և գրել ինձ: Եվ այդպիսով նրանք հրավիրեցին ինձ մասնակցել ցուցահանդեսների: Անցյալ տարի մասնակցեցի մեծ ցուցահանդեսի` «Armenia EXPO»-ի մակարդակով, այնուհետև «Pan Armenian EXPO»-ն էր, որտեղ մեր բրենդը ընդգրկվեց կատալոգում: Այնուհետև Հայաստանի արտգործնախարարությունը կազմակերպեց մեծ ցուցահանդես, որին ես նույնպես մասնակցեցի: Երկու տարի առաջ առաջարկ ստացա մասնակցել Ֆրանսիայում ցուցահանդեսին, բայց չկարողացա մասնակցել, քանի որ ինքնաֆինանսավորմամբ եմ ստեղծագործում: Որպես այդպիսին, ես մեծ եկամուտ չունեմ: Հակառակ դեպքում ես կարող էի մասնակցել ցուցահանդեսներին՝ Ճապոնիայում և Փարիզում:

Armins 8

Շահութաբեր է, թե՝ ոչ

Այս գործն այնքանով է շահութաբեր, որ քո աշխատանքով որոշ չափով օգտակար ես լինում ընտանիքիդ համար: Բայց եթե լրջորեն զբաղվես, այս բիզնեսը բավականին եկամտաբեր է: Դա այն դեպքում, եթե կա տարածք, եթե ունես սեփական բրենդային խանութ` բուտիկ, որտեղ կա տուրիստական հոսք: Ես համատեղում եմ բիզնեսը ընտանիքիս հետ և աշխատում եմ այնքան, որքան դա հնարավոր է:

2018-ին մենք թողարկեցինք մի ապրանքատեսակ, որը մինչ այդ Հայաստանում չկար: Դա արծաթե իրերի հավաքածու էր՝ արծաթի և պոլիմերային կավի համադրություն: Նման համադրությունը շատ դժվար է ստանալ, քանի որ շատ նրբություններ կան: Նաև ստացա արծաթի և արծնապակու համադրություն, մենք ուզում էինք փորձել թողարկել այդ ապրանքը՝ ստուգելու, այդյո՞ք դա հաջողակ կլիներ: Ստացվում է այնպես, որ քանի որ մենք այդքան մեծ ներդրում չունենք, ես չեմ կարող մեծ քանակությամբ արծաթե իրեր արտադրել, մենք դա անում ենք պատվերով: Եթե ներդրող լիներ, մենք կկազմակերպեինք անհատական ցուցահանդես, կարող էի մասնակցել միջազգային ցուցահանդեսների:

Armins 6

Ապագա պլանները

Կան արծաթե իրեր պատրաստելու ծրագրեր՝ դա կլինի առանձին կատեգորիայի արտադրանք և կլինի ավելի թանկ, եզակի կլինի իր հայեցակարգով և իմաստային առումով: Այսինքն՝ «ARMINS»-ից զարդեր ձեռք բերելով` կստանաս ոչ միայն զարդ, այլև՝ «գաղափար»: Իմ բրենդը հիմնված է մեկ գաղափարի վրա, ստեղծել այնպիսի գործ, որը եզակի կլինի իր տիրոջ համար՝ արվեստի փոքրիկ կտոր:

Երբ բացում ես զարդատուփը, որում գտնվում է զարդը, ներսում գրված է մեր նշանաբանը «Piece of art for you» (Մի կտոր արվեստ Ձեզ համար): Պատկերացնում եմ, որ մոտ 20-30 տարվա ընթացքում ընդլայնելով, զարգացնելով և կատարելագործելով իմ աշխատանքը, ես կստեղծեմ պատմություն: Այսինքն՝ դա կլինի մի արժեք, որը հնարավոր կլինի է թողնել երեխաներին, թոռներին…

Քրիստինե Մարաբյան