Այս պահին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիա է տեղի ունենում: Մոտ հազար մարդ հավաքվել է՝ բողոքելու երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկանոր Մելիայի ձերբակալության դեմ:

Ակցիան իրականացնում են տարբեր քաղաքական միավորումների ներկայացուցիչներ: Հանրահավաքի մասին հայտարարվել էր մի քանի ժամ առաջ «ՄԱՇ»-ի գլխավոր գրասենյակում՝ ոստիկանության գործողության ավարտից անմիջապես հետո:

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են կառավարության հատվածում, որտեղ գտնվում են նաև Վրաստանի արտգործնախարարությունը և խորհրդարանը: Հարյուրավոր ոստիկաններ այնտեղ են ուղղորդվել:

Հանրահավաքում ընդդիմության առաջնորդները հաստատել են իրենց հիմնական պահանջները՝ Նիկա Մելիային և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները բերման են ենթարկել «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային: Հատուկ գործողությունը սկսվել էր այսօր լուսադեմին: Նա ձերբակալվել էր «Ազգային շարժման» շտաբում: Հատուկ գործողության շրջանակներում ՆԳՆ-ն գործածել է հատուկ տեխնիկա եւ հատուկ նշանակության ջոկատ: Այսպես կոչված պղպեղի սփրեյ (արցունքաբեր գազ) է կիրառվել, որից տուժել են գրասենյակում գտնվող մարդիկ: