«Ասոցացման համաձայնագրի ստորագրումից յոթ տարվա ընթացքում Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացում, ինչը տվել է կոնկրետ, շոշափելի արդյունքներ և Վրաստանին դա մոտեցրել է ԵՄ չափանիշներին՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ մակարդակներում», – ասվում է Վրաստանի արտգործնախարարության համաձայնագրի ստորագրման տարեդարձի կապակցությամբ հայտարարության մեջ:

Ըստ ԱԳՆ-ի՝ փաստաթուղթը նոր խթան է հաղորդել Վրաստանի ու ԵՄ-ի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ վրացական արտադրության ապրանքների արտահանման ավելացումը ԵՄ երկրներ: Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ այս ընթացքում ԵՄ-ն դարձել է Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը:

«Համաձայնագիրը նաև օգնել է Վրաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, մասնավորապես՝ Վրաստանում արտադրության մեջ ներդրումներ կատարելու դեպքում ներդրողներին հնարավորություն է տրվում առանց սակագների իրենց ապրանքներն արտահանել ԵՄ շուկա: ԵՄ-ի հետ էներգետիկ համագործակցությունը նույնպես նոր փուլ է մտել, իսկ 2016-ին Վրաստանը միացել էր Եվրոպական էներգետիկ միությանը:

ԵՄ օգնությունը Վրաստանին զգալիորեն աճել է՝ անցած 7 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ գերազանցելով 1 միլիարդ եվրոն: Ըստ համաձայնագրի, ԵՄ ֆինանսական օգնության ծավալն աստիճանաբար աճում է, որը տարեկան կազմում է շուրջ 120-130 միլիոն եվրո միայն երկկողմ ձևաչափով, իսկ Վրաստանը լրացուցիչ մասնակցում է տարածաշրջանային աջակցության տարբեր ծրագրերի՝ բազմակողմ ձևաչափով», – ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում շեշտադրվում է, որ 2024 թվականին Թբիլիսին նախատեսում է ապահովել համաձայնագրի իրագործումը 60-65%-ով և հայտ ներկայացնել՝ Եվրամիությանը լիիրավ անդամակցելու համար: