Սահմանափակումների չեղարկման առաջնահերթությունը միջքաղաքային տրանսպորտն է: Ռեստորանների համար մշակվում են նոր կանոնակարգեր: Այս մասին խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստում հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի թեկնածու Նաթիա Թուրնավան:
Թուրնավան հայտարարել է, որ ձմեռային հանգստավայրերում հյուրանոցների բացումը պետք է տեղի ունենա խիստ վերահսկողության ներքո:
«Ըստ իս, մենք դեռ կարող ենք վերադառնալ և քննարկել հյուրանոցների բացման միայն մի մասը, առանց ճոպանուղիները բացելու հարցի, եթե այդ ամենն արվի բոլոր համաճարակաբանական կանոններին համապատասխան: Կարծում եմ, որ ես դա կքննարկեմ Առողջապահության նախարարության հետ, թե որքանով կհաջողվի հյուրանոցներին օգտագործել մնացյալ (մինչ սեզոնի ավարտը) մեկ ամիսը», – ասել է Թուրնավան:
Նախարարի թեկնածուն ինքը կարծում է, որ սահմանափակումների վերացման գործընթացում միջքաղաքային ուղևորափոխադրումները պետք է դառնան գերակայություն:
«Եթե ինձ հարցնեք գերակայությունների մասին, ապա, ըստ իս, ամենամոտ առաջնահերթությունը դա միջքաղաքային տրանսպորտն է: Սա վերաբերում է շատ մարդկանց, շատ դժվարություններ առաջացան, սակայն շարժունակության սահմանափակումն իր արդյունքը տվեց», – հավելել է նա:
Բացի այդ, Թուրնավան խոսել է ռեստորանային արդյունաբերության ներկայացուցիչների հետ «շատ ակտիվ» հաղորդակցության մասին: Նրա խոսքով, աշխատանքային տեսչության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ միասին քննարկվում են նոր կանոններ, որոնց համաձայն ռեստորաններն ու սրճարանները կկարողանան հաճախորդներին տեղավորել ոչ միայն փողոցում գտնվող սեղանների շուրջ, այլև փակ տարածքներում:
Էկոնոմիկայի նախարարի թեկնածուն հավելել է, որ հավանական է, որ կառավարությունը այլ ոլորտների մեղմացման մասին կսկսի խոսել միայն մարտ ամսից:
Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով, Վրաստանում 2020 թվականի նոյեմբերի 28-ից կիրարկվել են համատարած սահմանափակումներ ,այդ թվում `21: 00-ից 05: 00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժի արգելքը:Այս սահմանափակումները ուղղված են կորոնավիրուսի տարածումը կանխելուն:
Քանի որ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է, փետրվարի 1-ից սկսվել է սահմանափակումների աստիճանական չեղարկումը: Կառավարությունն արդեն վերացրել է կանոնավոր ավիաչվերթների արգելքը, որն ուժի մեջ էր անցյալ տարվա մարտից: Վերաբացվել են նաև խոշոր առևտրի կենտրոնները և խանութները, ոչ պարենային ապրանքների շուկաները: Վերագործարկվել է հասարակական տրանսպորտը, դպրոցներում վերսկսվել է առկա ուսումը, բացվել են հասարակական սննդի օբյեկտները: Մինչ այժմ հանգստյան օրերին չեն աշխատում բոլոր հաստատությունները, ինչպես նաև խանութներն ու հասարակական տրանսպորտը:
Երկրում շարունակում է ուժի մեջ մնալ «պարետային ժամը»: Լեռնադահուկային հանգստավայրերը, խաղատները, ֆիթնես-կենտրոնները, թանգարանները և թատրոնները, զվարճանքի կենտրոնները նույնպես փակ են, միջքաղաքային ուղևորափոխադրումներ չեն իրականացվում, իսկ զանգվածային միջոցառումներն արգելվում են: