Վրաստանը շարունակում է ժամանակ վատնել դիմակայությունների և բևեռացման վրա, բայց երկիրը կկարողանա հաջողության հասնել միայն միասնականության և համաձայնեցված քայլերի միջոցով: Այս մասին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայնտել է՝ խորհրդարանում ելույթ ունենալիս Վրաստանի առաջին սահմանադրության ընդունման 100-ամյակի կապակցությամբ կայացած պաշտոնական միջոցառման ժամանակ:
«Մենք շատ ժամանակ ենք կորցրել և շարունակում ենք այն կորցնել անվերջ առերեսումների և բևեռացման վրա, մինչդեռ հաջողության ուղին անցնում է միայն միասնականության և նպատակին հասնելու նպատակով համաձայնեցված քայլերի միջով», – հայտարարել է Զուրաբիշվիլին:
Նախագահը հավելել է, որ այսօրվա օրը հիշեցնում է այն մասին, թե որքան կարևոր է ազգային միասնությունն առաջընթացի համար:
«Ես անձամբ հպարտ եմ, որ պատկանում եմ այն արտագաղթին, որն ապրել է 1921 թվականի Սահմանադրությամբ և մինչև վերջ հավատացել է դրա վերականգնմանը: Ես հպարտ եմ և մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ նախագահի գերագույն պարտականությունն է՝ հավատարիմ մնալ Սահմանադրությանը և դրա սկզբունքներին: Ես հավատում եմ, որ հիմնական արժեքների շուրջ համախմբվելով Վրաստանը կդառնա ուժեղ եվրոպական պետություն՝ հենց այնպիսին, ինչպիսին երազում էին մեր նախնիները, երբ նրանք ընդունում էին Վրաստանի առաջին Սահմանադրությունը», – հայտարարել է նա:
1921-ի փետրվարի 21-ին ընդունվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության Սահմանադրությունը: Սա վրացական սահմանադրականության պատմության կարևորագույն ամսաթվերից մեկն է:
Սահմանադրության մշակումը սկսվեց 1918 թվականի մայիսի 26-ին՝ «Վրաստանի անկախության ակտի» ընդունումից հետո և տևեց երեք տարի: Գործընթացում հաշվի էր առնվել այն ժամանակվա առաջադեմ ժողովրդավարական երկրների փորձը: 1921 թվականի այս փաստաթուղթը համարվում է վրացական քաղաքական մտավորության ձեռքբերումը:
Այս սահմանադրությունը գործեց ընդամենը չորս օր: 1921 թվականի ձմռանը ռուսական «Կարմիր բանակը» մտավ Վրաստան: Խորհրդայնացումը 70 տարիների ընթացքում անհնար էր դարձնում կյանք տալ դրանում նշված ազատություններին: Այնուամենայնիվ, 1921 թ.-ի Սահմանադրությունը, Անկախության ակտի հետ միասին, դարձավ իրավական հիմք Վրաստանի պետական անկախության համար հետագա պայքարում: