Արեւմտյան Վրաստանում համաճարակային իրավիճակը վատթարանում է: Գուրիայի շրջանում՝ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի աճի պատճառով, փակվում են որոշ դպրոցներ և մանկապարտեզներ:
Տեղական իշխանությունների խոսքով՝ Օզուրգեթիի ու Լանչխութիի մունիցիպալիտետների մի քանի գյուղերում կգործարկվեն լրացուցիչ սահմանափակումներ:
Ապրիլի 2-ից Լանչխութիի շրջանի՝ Նիգոիթի, Չոչխաթի, Նիգվզիանի և Ծղալծմինդա, ինչպես նաև Օզուրգեթիի շրջանի Շրոմա գյուղի դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը դադարեցվել է երկու շաբաթով: Նախատեսվում է բնակչության համատարած կորոնավիրուսային թեստավորում:
Համաճարակային իրավիճակը Գուրիայում սկսել էր սրվել մարտի կեսերից: Ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության՝ Շրոմա գյուղում տեղի է ունեցել կորոնավիրուսային վարակի բռնկում, որի պատճառը դարձել է կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, անցկացված մեծ տոնախմբությունը:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ավելի վաղ չէր բացառել, որ Գուրիան կդառնա նոր «կարմիր գոտի» երկրի համաճարակային քարտեզի վրա: Միևնույն ժամանակ, համաճարակաբանները կանխատեսել էին կետային սահմանափակումների ներդրումը: