Երեկ՝ փետրվարի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հանդիպել են Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Ավետիք Տոնականյանի հետ: Նրանք քննարկել են, որոշ հաստատությունների աշխատակիցների, կորոնավարակի անվճար թեստավորման հետ կապված իրավիճակը:
Ավետիք Տոնականյանի խոսքով, իրենք կորոնավարակի թեստերն անվճար կատարում են մանկավարժների, տաքսու վարորդների, բուժաշխատողների, հրշեջների, ոստիկանության աշխատակիցների, անվտանգության աշխատակիցների, տոնավաճառի և եկեղեցու աշխատողների համար:
Այս մարդիկ յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է հանձնեն կորոնավարակի թեստ:
Ավետիք Տոնականյանը դժգոհություն է հայտնել որոշ դպրոցների ուսուցիչների անճշտապահությունից, նրանք չեն ներկայանում նշանակված ժամին և խառնաշփոթ են ստեղծում ՀԱԿ-ի աշխատանքում:
Տարեսկզբից ՀԱԿ- ը կատարել է մոտ 1300 արագ հակագենի թեստ և շուրջ 500 ՊՇՌ (PCR) թեստ: Այս տարվա ընթացքում, ըստ Ավետիք Տոնականյանի, կորոնավարակ ախտորոշվել է միայն մեկ մարդու մոտ:
Ինչ վերաբերում է անվճար PCR թեստերին, ապա Ավետիք Տոնականյանը բացատրեց, որ նրանք իրավունք չունեն ուսանողներին անվճար կատարել այդ թեստը, ունեն թեստեր, բայց դրանք վճարովի են: Հանրային առողջապահության կենտրոնում, բացի մարդկանց վերը նշված կատեգորիաներից, հակագենի թեստեր անվճար կատարվում են, եթե ներկայացվում է բժշկի ուղեգիր:
ՀԱԿ-ում նմուշառումները կատարվում են օրվա առաջին կեսին, «PCR» թեստերի պատասխանները կարելի է ստանալ երկու օրվա ընթացքում, իսկ հակագենի թեստի պատասխանները՝ 20-30 րոպեում: