Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հաստատել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաստիքային ցուցակը, ըստ որի գյուղերի քաղաքապետի ներկայացուցիչներին և մասնագետներին արդեն աշխատանքի կընդունեն վարչական պայմանագրով:

Այս աշխատողներին արդեն, ուղղակի պայմանագրով, կընդունի քաղաքապետը: Պայմանագիրը կարող է կազմվել սկսած 2 ամիս ժամկետով, բայց ոչ ավելին, քան քաղաքապետի լիազորությունների ժամկետի ավարտը: Աշխատանքից դժգոհելու դեպքում քաղաքապետն իրավունք ունի միակողմանի խզել պայմանագիրը: Քաղաքապետի ներկայացուցչի պաշտոնում աշխատելու դեպքում բարձրագույն կրթությունը պարտադիր պահանջ է, իսկ մասնագետի համար՝ ցանկալի է: Երբ քաղաքապետը պաշտոնաթող է լինում, բոլոր ներկայացուցիչներն ու մասնագետները դառնում են պաշտոնակատարներ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում վարչական պայմանագրով աշխատելու է անցնում 66 հաստիք, որոնցից 23-ը՝ գյուղերում ներկայացուցիչների, իսկ 43-ը` մասնագետի:

Ներկայումս այս հաստիքներից թափուր են մնում քաղաքապետի ներկայացուցչի երեք հաստիք՝ Ազավրեթում, Դիլիսկայում և Կարտիկամ գյուղերում և մասնագետի երկու հաստիք՝ Կումուրդո և Լոմատուրցխ գյուղերում: