Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2021 թվականի հունվարին՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ Վրաստանում կենսապահովման նվազագույնն աճել է: 2020 թվականի դեկտեմբերին աշխատանքային տարիքի տղամարդկանց կենսապահովման նվազագույնը 192,5 լարի էր, իսկ այս տարվա հունվարին ցուցանիշն աճել է 3 լարի և 10 թեթրիով՝ կազմելով ընդհանուր 195,6 լարի:
Միևնույն ժամանակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ դեկտեմբերի համեմատ, միջին սպառողի կենսապահովման նվազագույնը հունվարին աճել է 2,7 լարիով և կազմել 173,2 լարի:
Ազգային վիճակագրական ծառայությունը սահմանում է կենսապահովման մակարդակը` հիմնվելով մթերային նվազագույն զամբյուղի վրա: Նվազագույն մթերային զամբյուղը պարունակում է սննդամթերքի այն քանակը, որը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատանքային տարիքի տղամարդու նորմալ կյանքի և բնականոն աշխատունակության համար: Կենսապահովման նվազագույն պարենային զամբյուղը բաղկացած է 40 սննդամթերքից՝ հաց, ձավարեղեն, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն: