Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 55 000 լարի է հատկացվել «ռեգբիի ակումբում ներդրման համար»: Ախալքալաքի բյուջեից երկու տարվա ընթացքում Սամցխե-Ջավախքի ռեգբիի ակումբի ներդրումը կազմում է 110 000 լարի: Այս ակումբում Ախալքալաքի մունիցիպալիտետից դեռ ոչ մի խաղացող չկա:
Կորոնավիրուսի պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն զգալի չափով նվազել է, քանի որ որոշ բիզնես օբյեկտների կարգավորման և գործունեության դադարեցման պատճառով եկամուտները նվազել են: Մունիցիպալ իշխանությունները բողոքի ցույցերի ժամանակ բազմիցս ասել են, որ ստիպված են շատ ծախսեր կրճատել: Չնայած դրան, մունիցիպալիտետի բնակիչների համար երկու դժվար տարիների ընթացքում՝ ռեգբիի շրջանային ակումբին հատկացվել է 110 000 լարի, թեև համավարակի պատճառով սպորտը ևս, ինչպես շատ այլ ոլորտներ, արդեն երկրորդ տարին է չի գործում:
Տեղական իշխանություններն ասում են, որ ճիշտ է՝ միջոցների կարիք կա, բայց և համաֆինանսավորման սեփական մասը չներդնել նույնպես չի կարելի:
«Մենք այս ակումբը ֆինանսավորում ենք շուրջ 4-5 տարի: Մենք Սամցխե-Ջավախքում ունենք համընդհանուր ռեգբիի ակումբ: Սա կարծես պահեստային ենք պատրաստում, որն այնուհետև անցնում է հավաքական: Միգուցե հարցնեք, թե կա՞ն մեզանից խախացողներ այնտեղ: Գնում են հավաքներին, բայց նրանք ակումբի անդամ չեն հանդիսանում: Մենք ֆինանսավորում ենք, քանի որ Վրաստանը ուժեղ է ռեգբիում, ուստի մենք մեր մասնաբաժինն ունենք ամբողջ մարզով: Մենք չենք կարող վերցնել և փակել, պահեստայինը կվերանա։Վրաստանը ռեգբիում 8-րդ տեղում է աշխարհում, մենք պետք է ամենացածից նախապատրաստենք մարզիկներից՝ արդյունքներ ունենալու համար: Ավելի վաղ, կարծես, ներդրել էինք 30 000 լարի: Մենք գնահատում ենք արդյունքներն ազգային մասշտաբով, ոչ միայն մունիցիպալիտետի», – ասում է Նաիրի Իրիցյանը:
Ռեգբին, հանրապետության մասշտաբով, ամենահաջող զարգացող մարզաձեւերից մեկն է: Սակայն, որքանո՞վ է այս մարզաձեւը Ախալքալաքի քաղաքապետարանի մունիցիպալիտետում և ինչպիսին են ձեռքբերումները…
Ախալքալաքում կա մարզադպրոց, որտեղ կա նաեւ ռեգբիի խմբակ՝ երեխաների համար: Ըստ Ախալքալաքի մարզադպրոցի մարզիչ Ռաֆայել Դարբինյանի, նախքան կորոնավիրուսը, ռեգբիի խմբակ հաճախում էր մոտ 30 երեխա: Երեխաների խմբակը զարգանում է Ախալքալաքի մարզադպրոցին մունիցիպալ բյուջեով հատկացված ընդհանուր միջոցներով: Մինչ կորոնավիրուսը 1000 լարի էր հատկացվել երիտասարդ ռեգբիիստների մարզական համազգեստի համար: Բայց արդեն երկրորդ տարին է` ինչպես մարզադպրոցը, այնպես էլ ռեգբիի խմբակը չեն գործում:
Չնայած այս 55 000 լարին անմիջականորեն չի վերաբերում Ախալքալաքում ռեգբիի խմբակի կոնկրետ գործունեությանը, այն նախատեսված է հնարավոր ապագայի համար:
Սամցխե-Ջավախքի բոլոր մունիցիպալիտետներն իրենց ներդրումն են ունենում ռեգբիի շրջանային ակումբում, և ներդրման չափը տարբեր է: Ըստ «Տաո» ակումբի նախագահ Իրակլի Գվենետաձեի, եղանակային պայմանների պատճառով Ախալքալաքում ռեգբին հասանելի է արդեն 2-3 ամիս, բայց կան խոստումնալից պատանիներ, որոնք, չնայած չեն խաղում հիմնական կազմում, թեև «սրտով երկրպագում են այս մարզաձեւը»:
«Ռեգբիի ակումբ «Տաոն» դա մեկ թիմ չէ, դա մի ամբողջ համակարգ է, այն թե մանկական, և թե պատանեկան ու 18+ ռեգբիի ակումբ է: Տղամարդկանց հավաքականը խաղում է Վրաստանի առաջնությունում, առաջին լիգայում: Այս առաջնությունում մենք երրորդ տեղում ենք։ Կարելի է ասել, որ մենք լավ ենք հանդես գալիս: Բացի այդ, մենք ունենք երիտասարդական թիմ, որը կրկին խաղում է Վրաստանի առաջնությունում: Եվ պատանեկան, մանկական թիմերը, որոնք ամբողջ տարածաշրջանում են: «Տաո» ակումբը, հիմնադիրներն ու սեփականատերերը՝ շրջանի բոլոր 6 մունիցիպալիտետներն են», – բացատրում է Իրակլի Գվենետաձեն:
«Տաո» ակումբը հիմնվել է 2016 թվականին:
«Օրինակ, Ասպինձայից խաղում է մեկ խաղացող: Ասպինձան ավելի շատ գումար է տալիս: Այս նախագիծը լավն է նրանով, որ այն միակ թիմն է լեռնաշխարհից, որն ընդհանրապես խաղում է Վրաստանի առաջնություններում: Սա նորություն է և շատ դժվար է այն զարգացնել», – ասում է ակումբի նախագահը։
Արդյո՞ք Ախալքալաքում կզարգանա ռեգբին և կհասնի՞ պրոֆեսիոնալ մակարդակի, մենք կհետևենք Ձեզ հետ միասին:
Քրիստինե Մարաբյան