Սամցխե-Ջավախքում ավելի շատ զբոսաշրջիկներ են նկատվում Բորժոմի, Ադիգենի և Ախալցիխեի մունիցիպալիտետներում, իսկ Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ասպինձայի մունիցիպալիտետները հետ են մնում։ Jnews-ը փորձել է պարզել, թե ինչպիսին է տեղական իշխանությունների և շրջանային մոտեցումն այս հարցում, ինչո՞ւ է Ախալքալաքում զբոսաշրջության զարգացումը հետ մնում։
Ունենալով մեծ ներուժ, որի մասին շատերն են խոսում, առ այսօր հազվադեպ զբոսաշրջիկներ են ընտրում Ախալքալաքը զբոսաշրջային նպատակներով։ Այստեղ հիմնականում զբոսաշրջիկները հանդիպում են ճանապարհին։ Օբյեկտիվ տեսակետ կա, որ ոչ միայն Ախալքալաքում, այլեւ ողջ Ջավախքում զբոսաշրջությունը զարգացած չէ, քանի որ սպասարկումն ու ենթակառուցվածքները չափանիշներին չեն համապատասխանում։ Այնուամենայնիվ, սա՞ է միակ պատճառը։
Ի՞նչ է արվում վերը նշված սպասարկումն ու ենթակառուցվածքը խթանելու համար։ Հատկանշական էր, երբ 2023 թվականի հունվարի 25-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թվականների ծրագրի ներկայացումն ու քննարկումը։ Մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի սակրեբուլոյի հանձնաժողովը ծրագիրը քաղաքապետարան ուղարկեց վերանայման: Զբոսաշրջիկների ներգրավման աշխատանքային ծրագիր չներկայացվեց։ Պլանը փոփոխվեց:
Ո՞րն է քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի զբոսաշրջության ծառայության կողմից ներկայացված փոփոխված պլանը։
Պլանում ներկայացված էին զբոսաշրջության ուղղություններն ու տեսակները և նշված էին որոշ վայրեր, որոնք, ըստ հեղինակների, կարող են տեսնել զբոսաշրջիկները։
Փաստաթղթում նշվում է, թե ինչ ներուժ կա, բայց չի նշվում, թե կոնկրետ ինչ է պետք անել, որպեսզի այդ ներուժն օգտագործվի: Օրինակ՝ նշվում է «Գաստրոնոմիական տուրիզմ, ֆոլկլորային տուրիզմ, սպորտային տուրիզմ, պատմական տուրիզմ, լեռնային տուրիզմ»։ Նշվում է նաև մունիցիպալիտետի հետևյալ զբոսաշրջային երթուղիների ստեղծման անհրաժեշտությունը՝ Ախալքալաք-Արագվա-Տուրցխ-Զակ-Կոթելիա-Բարալեթ-Մեծ և Փոքր Սամսարներ (Սամսարի քարանձավներ) Կաջո-Բեժանո-Տաբածկղուրի լիճ, բայց ինչպես դա անել՝ գրված չէ:
Պլանում հիշատակված է «Գյուղերի ճանապարհներին ուղղությունը ցույց տվող ճանապարհային նշանների տեղադրում, պատմամշակութային երթուղիներում ընդգրկված օբյեկտների, պատմական օբյեկտների գտնվելու վայրը ցույց տվող հատուկ ճանապարհային նշանների տեղադրում» վերնագրով կետ: Ծառայության հաշվարկներով՝ դրա համար կպահանջվի 9000 լարի։ Իսկ քաղաքի հասարակական վայրերում տեղեկատվական ցուցատախտակների տեղադրումը, որտեղ նշվելու են զբոսաշրջային երթուղիները (2-3 տեղեկատվական տախտակ), կարժենա 3000 լարի։
Զբոսաշրջության զարգացման ծրագրում երկու՝ 16-րդ և 17-րդ կետերում, նշված է նաև ենթակառուցվածքների զարգացման մասին, սակայն ինչպես և մյուս դեպքերում՝ առանց մանրամասների։
Ամենամեծ գումարը, որը նշված է Ախալքալաքի մունիցիապլիտետում զբոսաշրջության զարգացման ծրագրում, DMO-ի ֆինանսավորումն է՝ 15000 լարի։ DMO-ն Սամցխե-Ջավախքի ուղղությունների կառավարման կազմակերպություն է, որը ստեղծվել է 2019 թվականին տարածաշրջանի բոլոր վեց մունիցիպալիտետների կողմից, ինչպես Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության, այնպես էլ Վրաստանում USAID Zrda Activity-ի նախաձեռնությամբ ու աջակցությամբ:
Կազմակերպության հիմնական նպատակներն են.
Ճիշտ է, Վրաստանում զբոսաշրջության զարգացման գործընթացը մեկնարկել էր կորոնավիրուսի համավարակի շեմին և դրանով իսկ կասեցվել, սակայն վերոնշյալ նպատակներից գործողություններ և առաջխաղացումներ Ախալքալաքում չզգացվեցին։
Ե՛վ ռեգբիի շրջանային ակումբը, և՛ DMO-ն ֆինանսավորվում են շրջանի բոլոր 6 մունիցիպալիտետների կողմից: Ըստ Սամցխե-Ջավախքում DMO-ի գործադիր տնօրեն Դավիթ Մումլաձեի պնդման՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում իրականացվել է մեկից ավելի ծրագիր, այս ընթացքում մշակվել են մոտ 240 կմ զբոսաշրջային երթուղիներ, ինչպես նաև այս երթուղիները հանրահռչակելու համար պատրաստվել է տեսանյութ, որն ուներ ճանաչելիություն և հայտնի էր։
«Այդ երթուղիները հանրահռչակելու նպատակով մեկ անգամ չէ, որ կազմակերպվել է տեղեկատվական շրջագայություն, և մեր կազմակերպությունը, և հայկական գործընկեր կազմակերպությունները՝ համատեղ աշխատանքի շրջանակներում, իրականացրել են միջազգային երթուղիներ Հայաստանի, Սամցխե-Ջավախքի և Կախեթիի միջև, ինչի արդյունքում տուր-օպերատորներին դուր էր եկել շրջագայությունը, և նրանք սկսել էին օգտվել այս երթուղիներից: Այս երթուղիներից բացի, մենք նաև բազմաթիվ տեղեկատվական շրջագայություններ ենք անցկացրել ինչպես պահպանվող տարածքներում, այնպես էլ տարբեր վայրերում մասնավոր հատվածի հետ: Հյուրատներ, ռեստորաններ և այլն», – ասում է Դավիթ Մումլաձեն:
Նրա խոսքով, շրջանի մյուս մունիցիպալիտետներում զբոսաշրջությունն ավելի զարգացած է, ուստի կարեւոր է ոչ միայն զարգացած մասնավոր հատվածը, այլեւ զբոսաշրջային օբյեկտների ստեղծումը։
«Բորժոմիում զբոսաշրջությունը սկսել է զարգանալ շատ տարիներ առաջ և, համապատասխանաբար, պատրաստված է նաև մասնավոր հատվածը: Ախալցիխեում Ռաբաթի ամրոցի վերականգնումից հետո սկսել է ի հայտ գալ և զարգանալ մասնավոր հատվածը, որից հետո սկսվել է Ախալցիխե մեկնելու պահանջարկը: Ինչ վերաբերում է Աբասթումանիին, ապա այս պահին կան հիմնովին վերականգնողական աշխատանքներ, և պետք է նաև հաշվի առնել, որ այնտեղ կա հսկայական ներուժ՝ հաշվի առնելով բալնեոլոգիական առողջարանը, և մենք կարող ենք տուր-օպերատոր համարել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր Աբասթումանի են ուղարկում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց»,- ասում է նա։
Դավիթ Մումլաձեի պնդմամբ, այս երեք մունիցիպալիտետներում ավելի շատ զբոսաշրջիկներ կան, սակայն նա նաև ասում է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների նկատմամբ հետաքրքրություն ևս կա։