Փետրվարի 15-ից, Վրաստանում ուսումը պետական դպրոցներում կվերսկսվի ավանդական ռեժիմով՝ դասասենյակներում:
Իշխանությունների որոշմամբ՝ Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի դպրոցների աշակերտները վաղվանից կկարողանան վերադառնալ իրենց դպրոցներ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ խիստ սահմանափակումների առկայության ժամանակահատվածում դպրոցների մեծ մասը գրեթե մեկ տարի ստիպված էին հեռակա կարգով կրթել երեխաներին: Երկու շաբաթ առաջ` փետրվարի 1-ից, առկա ուսումը վերսկսվել է նաև Բաթումիում, Փոթիում, Զուգդիդիում, Գորիում և Թելավիում:
Վրաստանի բոլոր քաղաքների դպրոցականների մոտ 12%-ը (ավելի քան 35,7 հազար աշակերտ) ցանկացել են մնալ «հեռավար» ուսուցման ռեժիմում: Եթե նրանց ծնողները որոշեն իրենց երեխային տեղափոխել կրթության առկա մոդելին, չորեքշաբթի օրերին նրանք կկարողանան համապատասխան դիմումները ներկայացնել ԿԳՆ հատուկ կայք-էջում:
5-ից 12-րդ դասարանների աշակերտների համար դպրոցի պարագծում դիմակ կրելը պարտադիր է: Հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներն ազատվում են այս պարտավորությունից:
Կրթության նախարարությունից հայտնում են, որ յուրաքանչյուր հանրային դպրոց ապահովված է անհրաժեշտ ռեսուրսներով` անվտանգության միջոցառումները կատարելու և վիրուսի տարածումը կանխելու նպատակով: Ախտահանիչ լուծույթները, առանց հպումի ջերմաչափերը, դեզոարգելապատնեշները փոխանցվել են դպրոցներին, կարգի են բերվել դպրոցական սանհանգույցները:
«Դպրոցները ծնողներին ինտենսիվորեն իրազեկում են նախարարության կողմից մշակված առաջարկությունների, ուսումնական գործընթացի կազմակերպման և դպրոցում սանիտարահիգիենիկ նորմերի մասին: Աշակերտների անվտանգության պաշտպանումը և միաժամանակ որակյալ կրթության հասանելիության ապահովումը Վրաստանի կառավարության և Կրթության նախարարության հիմնական առաջնահերթություններն են», – ասված է ԿՆ հայտարարության մեջ:
Վրաստանի դպրոցներում՝բացի անվտանգության նորմերի պահպանումից, տարվելու է ուսուցիչների և դպրոցական անձնակազմի պարտադիր թեստավորումը: Երկու շաբաթը մեկ ստուգվելու է ուսումնական հաստատությունների աշխատողների առնվազն 20%-ը: Եթե դպրոցականների կամ ուսուցիչների մոտ հաստատվում է կորոնավիրուս, ապա ուսումնական հաստատությունները կիրառում են կետային սահմանափակումներ՝ կա՛մ ամբողջ դպրոցը, կա՛մ էլ կոնկրետ դասարանն անցնում է հեռավար ուսուցման: