Ախալքալաքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակներում փոփոխություններ են կատարվում: Մանկապարտեզների միավորման տնօրենի խոսքերով դրանք հիմնականում հաստիքների փոփոխման տեսքով են:

Ախալքալաքի մանկապարտեզներում, նոր հաստիքացուցակի համաձայն՝ նկարչականի ուսուցիչներ չեն լինի, փոխարենը յուրաքանչյուր նախակրթարան կունենա հատուկ ուսուցիչ: Մանկապարտեզների միավորման տնօրենի խոսքերով, այս ամենն արվում է, որպեսզի շրջանի նախակրթարանները հեշտությամբ անցնեն ավտորիզացիա:

«Մենք սկսեցինք վերակազմավորում, որպեսզի կարողանանք ավտորիզացիա անցնել, համապատասխանել ստանդարտներին, ամեն մանկապարտեզ պետք է ունենա հատուկ ուսուցիչ: Մենք մանկավարժ հասկացողություն առհասարակ չունենք, փոխարենն ունենք նկարչականի դասատու, որն առհասարակ գոյություն չունի մյուս մանկապարտեզներում: Մենք փակեցինք այդ հաստիքը և դարձրինք հատուկ ուսուցչի հաստիք»,- ասում է Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:

Վերջինս հավելում է, վերակազմավորման գործընթացն ընթացքի մեջ է և իրենք աշխատում են բարձրագույն կրթությամբ մասնագետների ընդունել աշխատանքի:

«Ես աշխատում եմ, որ ոչ մեկին չնեղացնեմ, մեզ պարտադիր պետք է բարձրագույն կրթությամբ մանկավարժ հոգեբաններ, որոնք կկարողանան երեխաների հետ աշխատել: Տեսեք, հիմա մեր մանկապարտեզներում բարձրագույն կրթությունով ուսուցիչը դայակ է աշխատում, իսկ դաստիարակն առանց կրթության է: Փոխեցինք տեղերը, որպեսզի և օրենքին համապատասխան լինենք, և արդար»,- նշում է Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրենը:

Այսուհետ բոլոր մանկապարտեզները պարտադիր կունենան վրաց լեզվի ուսուցիչ: Վերակազմավորման արդյունքում, դեռևս որևէ հաստիքի կրճատում չի եղել:

Նշենք, որ Ախալքալաք քաղաքում և շրջանի գյուղերում գործում է 12 մանկապարտեզ, որից 3-ն ալտերնատիվ է: Մանկապարտեզների միավորման տրամադրած տվյալների համաձայն այս տարի շրջանում շուրջ 900 երեխա նախակրթարան է հաճախում: