Գալիք տարվա հունվարին Ախալքալաքի շրջանի երկու նոր մանկապարտեզները՝ Կումուրդո և Գոգաշեն գյուղերում կսկսեն իրենց աշխատանքը, ինչպես նաև վերանորոգված 3-րդ մանկապարտեզը ևս ամանորյա տոներից հետո կվերսկսի իր աշխատանքը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, Կումուրդո և Գոգաշեն գյուղերում նոր մանկապարտեզների բացման նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են, սակայն Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում դեռ շարունակվում են վերանորոգման աշխատանքները։ Չնայած դրան, բոլոր 3 մանկապարտեզները կբացվեն 2023 թվականի հունվարի 16-ին։
«Արդեն ամեն ինչ պատրաստ է, ուղղակի էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կային, ուստի այս տարի մանկապարտեզները չենք բացում: Հունվարի 16-ից դրանք կբացվեն ու կսկսեն աշխատել»,- պարզաբանեց Անահիտ Ասատուրյանը։
Հիշեցնենք, որ մունիցիպալիտետը տեղական բյուջեից 179 313,86 լարի է հատկացրել Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման համար։ Այս գումարի դիմաց նախատեսվում է վերանորոգել ամբողջ շենքը և անցկացնել նոր ջեռուցման համակարգ, քանի որ համակարգը սխալ էր անցկացված և չէր աշխատում։
Գոգաշեն գյուղում մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է 802 209 լարի։ Շինարարությունն իրականացվել է երկու փուլով՝ 2020 և 2021 թվականներին։ Ֆինանսավորումը եղել է կենտրոնական բյուջեից՝ տեղականի մասնակցությամբ։ Մանկապարտեզը նախատեսված է Հոկամ, Քարսեպ, Ափնիա, Ազմանա և Գոգաշեն գյուղերի համար։
Կումուրդո գյուղում շինարարությունը սկսվել է 2020 թվականին, մրցույթը շահել է «Վերնիցկի և ընկերություն» ՍՊԸ-ն՝ 1 023 736 լարիով։ Այս շինարարությունը նույնպես իրականացվել է երկու փուլով՝ տեղական բյուջեի միջոցների հաշվին։
Նշենք, որ երկու նախագծերի ավարտի և առաքման ժամկետները հետաձգվել են՝ շինարարական ընկերությունների կողմից սահմանված ժամկետներում չտեղավորվելու պատճառով: