Այն մարդկանց անուններով ցուցակները, ովքեր ուսման, բժշկական ծառայություններ ստանալու կամ աշխատելու նպատակով Վրաստանից մեկնելու թույլտվություն են ստացել, այլևս չեն հրապարակվի: «Վրացական երազանքի» գրասենյակն Ախալքալաքում իրազեկում է բնակչությանը, որ այն մարդիկ, ովքեր գրանցվել են իրենց գրասենյակում, կարող են մեկնել երկրից գրանցվելուց հետո, երրորդ օրը:
Ջավախքի բնակիչներին Հայաստանում սովորելու կամ աշխատելու նպատակով մեկնելու գործընթացը շարունակվում է: Այս մարդկանց բացառության կարգով մեկնելու թույլտվություն է տրվում` ելնելով ուղևորության անհրաժեշտությունից: Մինչ այժմ մեկնելու թույլտվություն ստացած անձանց ցուցակները հրապարակվում էին JNEWS-ում, և մարդիկ կարող էին այդ ցուցակներից տեղեկանալ` արդյո՞ք նրանք արդեն կարող են լքել երկիրը, թե՝ ոչ: Այնուամենայնիվ, նոր ցուցակներն այսուհետ չեն հրապարակվի:
Ինչպես հավաստիացնում են «Վրացական երազանքի» գրասենյակից՝ նրանց մոտ գրանցվող մարդիկ երրորդ օրը կարող են մեկնել և հատել սահմանը: Նրանք նշում են նաև, որ Վրաստանում հանձնած թեստի ժամկետների հետ կապված խնդիրներից խուսափելու համար հնարավոր է այն հանձնել արդեն Հայաստանի սահմանին: