Վրաստանում շուրջ 200 ռեստորաններ և սրճարաններ պատրաստվում են վերսկսել իրենց աշխատանքը փետրվարի 6-ից՝ չնայած սահմանված կովիդ-սահմանափակումներին, ինչին Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը սպառնացել է կոշտ արձագանքով:
Անհնազանդության ակցիայի մասին ֆեյսբուքում նախազգուշացրել էր «Գաստրոնավտ» սննդի օգյեկտների բիզնես-խորհրդատվական գործակալության համահիմնադիր Լևան Քոքիաշվիլին: Նա նշել է, որ ռեստորանատերերը նման որոշում են կայացրել կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընդհատումից հետո:
«Իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խելամիտ ելք փնտրելու փոխարեն, այն հետաձգվել է, չի կայացել: Ելնելով այն փաստից, որ այլ ելք մենք չենք տեսնում, որոշեցինք ռեստորանները բացել շաբաթ օրը՝ փետրվարի 6-ին: Հենց այստեղ պարզաբանում ենք, որ մենք լիովին տեղյակ ենք մեր որոշման բոլոր հայեցակետերին, և մեզ համար նման որոշում կայացնելը հեշտ չէր», – գրել է Քոքիաշվիլին:
Հունվարի 30-ին ռեստորանատերերը բողոքի ցույց էին անցկացրել Պետական վարչակազմի շենքի մոտ` պահանջելով վերացնել սահմանափակումները: Նրանք պայմաններ էին առաջադրել՝ կա՛մ իշխանությունները փետրվարի 1-ին կներկայացնեն ոլորտի բացման հատուկ ծրագիր, կա՛մ ռեստորանները կվերսկսեն աշխատել ինքնակամ:
«Մենք կվերաբացվենք և կաշխատենք ինչպես նախկինում՝ պահպանելով բոլոր կանոնները, ինչպես և աշխատում էինք: Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք այս հայտարարությամբ: Մենք գտնում ենք, որ ավելի մեծ վտանգ չենք ստեղծում, քան սուպերմարկետները, դեղատները, հյուրանոցները և այլն», – հայտարարել է ռեստորանատեր Մերի Գուբելաձեն:
Վերջին շրջանում Վրաստանում ավելի ու ավելի հաճախ են սկսել բողոքի ցույցեր տեղի ունենալ` սահմանափակումները վերացնելու պահանջով: Բողոքի ալիքը սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարի 1-ին կառավարությունը հրաժարվեց վերաբացել սննդի օբյեկտները, ֆիթնես-կենտրոնները, լեռնադահուկային հանգստավայրերը և հասարակական տրանսպորտը: Արդյունքում, Թբիլիսիում սկսեցին աշխատել միայն առևտրի կենտրոնները և ոչ պարենային խանութները: Կառավարությունը խոստանում է, որ նրանց աշխատանքը կվերականգնվի մարտի 1-ից կամ էլ այն ժամանակ, երբ կորոնավիրուսի նոր դեպքերի մակարդակը կայունորեն չնվազի մինչև 4%: Ներկայումս փողոցային սրճարանների աշխատանքը թույլատրվում է միայն Աջարիայում, որտեղ մի քանի շաբաթ վարակվածության մակարդակը 3%-ից ցածր է:
Տուրիստական ոլորտի ներկայացուցիչները, անիմատորները, ռեստորանատերերը, առաքիչները, ֆիթնես-կենտրոնների սեփականատերերը դժգոհ են կառավարության որոշումից: Նրանք շեշտում են, որ կառավարությունը նրանց զրկում է իրենց այնպես էլ կործանված ֆինանսական վիճակը բարելավելու վերջին հույսից:
Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի, եթե ռեստորանները ենթարկվեն անհնազանդության կոչին և չնայած սահմանափակումներին վերսկսեն իրենց աշխատանքը, իշխանությունները կարձագանքեն խստագույնս: Այս մասին Թուրնավան հայտարարել է Համակարգող խորհրդի անդամների ճեպազրույցի ժամանակ: Նա նաև հույս է հայտնել, որ ռեստորաններ չեն խախտի օրենքը: Վերջինիս խոսքով, ներկայումս նախարարությունը գրեթե ամեն օր հաղորդակցության մեջ է ռեստորանների ներկայացուցիչների հետ.
«Հաղորդակցման բացակայություն իրականում չկա, մեր նախարարությունը, Զբոսաշրջության վարչությունը գրեթե ամեն օր հաղորդակցության մեջ են, երբեմն առցանց, երբեմն էլ առերես՝ անմիջապես տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում` ռեստորանատերերի հետ: Քանի որ Վրաստանի այլ շրջաններում, բացառությամբ Աջարիայի, ռեստորանները չեն կարող վերաբացվել, պարզ է, որ նրանք դժգոհ են, բայց օրենքին և համաճարակային կանոններին չհնազանդվելն անընդունելի է, և, իհարկե, դա կառաջացնի խիստ արձագանք», – ասել է նախարարը:
Նախարարի խոսքով, իրենք հետևում են համաճարակային իրավիճակին և «մեծ հույս ունեն», որ շուտով «կոնկրետ որոշումներ» կկայացնեն ռեստորանների ուղղությամբ, իսկ օրենքի խախտումն ու անհնազանդությունը կբարդացնեն նախարարության և ռեստորանատերերի միջև առկա երկխոսությունը:
Ինչպես գրել էր «Netgazeti»-ն, Վրաստանի նպարային ասոցիացիայի ղեկավարն հայտարարել է, որ շաբաթ օրը՝ փետրվարի 6-ին, Վրաստանում որոշ ռեստորաններ կվերաբացվեն՝ անտեսելով իշխանությունների կողմից կիրառած սահմանափակումները:
Ըստ «ACT» հետազոտական կենտրոնի, սահմանափակումները գործարկելուց հետո Թբիլիսիի բնակիչության 60%-ի եկամուտը նվազել է: Միևնույն ժամանակ, բնակիչների մեծամասնությունը սկսել է ավելի շատ ծախսել գնաճի պատճառով, թեև խուսափում են խոշոր գնումներից` անհասկանալի ֆինանսական հեռանկարների պատճառով: