Մինչև ամսվա վերջ Վրաստանը կընդունի պատվաստման ժամանակացույցը և հայտնի կդառնա պատվաստանյութի ստացման հաջորդականության մասին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դիմիտրի Խունդաձեն:
Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկում են «Վրացական երազանքի» նախաձեռնած երկու օրինագիծ: Դրանցից մեկը վերաբերում է փոփոխություններին, որոնք պետք է կատարվեն «Հանրային առողջության մասին» օրենքում և նախատեսում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հնարավորինս արագ ներմուծում: Ըստ պատվաստանյութերն արտադրող երկրների պահանջների՝ կատարված փոփոխությունները Վրաստանին պարտավորեցնում են պատասխանատվություն ստանձնել պատվաստման գործընթացում հնարավոր վնասների կամ բարդությունների առաջացման դեպքում: Օրենքին ավելացվում է հատուկ հոդված:
Ըստ Խունդաձեի, պատվաստման գործընթացը կընթանա խստորեն՝ ըստ ծրագրի: Պատվաստանյութը երկիր կներկրվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության «COVAX» պլատֆորմի միջոցով:
Խունդաձեն նշել է նաեւ, որ երկրում դիտարկվում է դրական դինամիկա համաճարակային իրավիճակի առումով, ինչը աշնան վերջին կիրարկված սահմանափակումների արդյունքն է: Նա նաև չի բացառել, որ եթե սահմանափակումներն ամբողջությամբ չեղարկվեն, ապա ստիպված կլինեն կրկին դիմել դրանց գործարկմանը:
Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կազմում է 5,8%:
«Սահմանափակումները միակ լծակն էին, որի միջոցով մենք դադարեցրեցինք մեծամասշտաբ տարածումը: Ես հասկանում եմ այն քաղաքացիներին, բիզնես-սեկտորին, որոնց վրա բացասաբար են ազդել սահմանափակումները», – նշել է Խունդաձեն:
Վրաստանի Առողջապահության նախկին նախարար, խորհրդարանի փոխնախագահ Դավիթ Սերգեենկոն իր գործընկերներին կոչ է արել աջակցել «Հանրային առողջության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Նրա կարծիքով, այս կերպ յուրաքանչյուր պատգամավոր կօգնի ապահովել պատվաստման շուտափույթ մեկնարկը երկրում, որն այս փուլում համարվում է համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը:
Սերգեենկոն կարևոր է համարում նաև տեղեկատվական արշավ սկսելը՝ բնակչությանը պատվաստումների կարևորության մասին իրազեկելու նպատակով: Վրաստանում տարբեր ժամանակներում իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների թիվը, ովքեր համաձայն են կորոնավիրուսի դեմ պատվաստվել, տատանվում է 50%-ից 60%:
Փետրվարին Վրաստանն ակնկալում է ստանալ կորոնավիրուսի պատվաստանյութի 20 հազար չափաբաժին, ենթադրաբար, այն պետք է լինի «Pfizer»-ի (ամերիկա-գերմանական արտադրության) պատվաստանյութը: Տնտեսությունն ամբողջությամբ բացելու համար չափահաս բնակչության 60%-ը պետք է պատվաստվի: Դրա համար երկիրը նախատեսում է ծախսել շուրջ 164 միլիոն լարի (50 միլիոն ԱՄՆ դոլար):
Ազգային ծրագիրը սահմանում է պատվաստումների ենթակա նպատակային խմբերը: Առաջին փուլում պատվաստվելու են բուժաշխատողները, ծերանոցների, ապաստարանների շահառուները և այլն, ապա 75 տարեկանից բարձր քաղաքացիները: Կհաջորդեն 65-ից 74 տարեկան, 55-ից 64 տարեկան քաղաքացիները, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ: Այս խմբերին պատվաստելուց հետո, կպատվաստվեն նաև Վրաստանի բոլոր մյուս բնակիչները, այդ թվում՝ արդեն վարակված մարդիկ:
Նյութը՝ «Новости Грузия»-ից