Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները քննչական գործողությունների արդյունքում 4 անձի են ձերբակալել կազմակերպված խմբի կողմից մեծ քանակությամբ կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու փաստով:
Այս մասին «Ինտերպրեսնյուսին» հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից: Նրանց տեղեկատվության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Վրաստանի տարբեր շրջաններում գտնվող առեւտրային օբյեկտների եւ արագ վճարման ապարատների միջոցով ապօրինի նյութական շահույթ ստանալու նպատակով ընդհանուր առմամբ իրացրել են 11 300 լարի արժողությամբ 113 կեղծ թղթադրամ:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, ինչը որպես պատիժ ենթադրում է 10-ից 15 տարվա ազատազրկում: